Ճապոնիայում ձերբակալվել է երկրի պատմության մեջ ամենամեծ կողոպուտի մասնակիցներից մեկը։ Այս մասին այսօր հայտնել է France Presse գործակալությունը։ Կողոպուտի մեջ կասկածվողներից մյուսի հանդեպ հետախուզում է հայտարարվել։
31-ամյա Հիդեակի Ուէկին կասկածվում է Տոկիոյի մերձակայքում գտնվող ընկերություններից մեկի կողոպուտի և ընկերության աշխատակիցներին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Սանկցիա է տրվել նաև 41-ամյա Յուտակի Վատանաբեյին ձերբակալելու համար, նա հայտնվել է Ճապոնիայի ամենաշատ հետախուզվող մարդկանց ցուցակում։
Ճապոնական ընկերություններից մեկի կողոպուտը կատարվել է 2011 թ.-ի մայիսի 12-ին։ Երկու զինված անձնավորություն կապել են հսկիչին և ստիպել նրան բացել գանձարանը։ ԶԼՄ-ների տվյալներով, այդտեղ եղել է մեծ քանակի գումար, որն այդ ընկերությանը պահպանության համար հանձնել էր Տոկիոյի փոստային ծառայությունը։
Կողոպտիչները դեպքի վայրից հեռացել են 70 պարկ գումարով, որի ընդհանուր քանակը կազմել է 604 մլն յեն (7,5 մլն դոլար)։ Նրանց հետքին հաջողվել է դուրս գալ հենց իրենց բջջային հեռախոսների շնորհիվ։ Կողոպուտին ընդհանուր առմամբ մասնակցել է 10 մարդ։









































