Օգոստոսին մամուլը տեղեկացրել էր Մայքլ Դուգլասի և Քեթրին Զետա-Ջոնիսի բաժանվելու մասին, սակայն աստղերն այս լուրը չէին հաստատել:
Սեպտեմբերին ընտանեկան ճգնաժամի մասին լրագրողների հարցերին 68-ամյա Դուգլասը պատասխանել է, որ, ամենայն հավանականությամբ, «մամուլն է ճգնաժամի մեջ»: Սակայն դերասանը չի հերքել, որ ինքն ու կինն առանձին են ապրում:
Իսկ այժմ Մայքլը խոստովանել է, որ իր 43-ամյա կնոջ հետ որոշ խնդիրներ ունի: Emmy արարողությունից առաջ տված հարցազրույցում Դուգլասն ասել է. «Մենք աշխատում ենք մեր հարաբերությունների վրա, խոսում ենք, տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կզարգանա ապագայում»:
Հարկ է նշել, որ Դուգլասն ու Զետա-Ջոնսն արդեն վաղուց միասին չեն հայտնվել կարմիր գորգի վրա: Emmy-ի մրցանակաբաշխությանը ևս դերասանը մենակ է եղել: Նա ստացել է իր մրցանակը և չի մոռացել Քեթրինին շնորհակալություն հայտնել աջակցության համար:
Հիշեցնենք, որ Քեթրինն ու Մայքլն ամուսնացել են 2000 թ., նրանք երկու երեխա ունեն:







































