Անհայտ անձն ամերիկյան Մեն նահանգում հրաձգություն է իրականացրել, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 1 մարդ։ Հարձակվողը ոչնչացվել է ոստիկանության կողմից։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել Մեդիսոն քաղաքի փողոցների մեկում։ Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանները փողոցում հայտնաբերել են 3 մարդու դի։ Այդ ժամանակ հրաձիգը թաքնվել էր, սակայն որոշ ժամանակ անց նա վերադարձել է հանցանքի վայր՝ կրակ արձակելով ևս 1 մարդու ուղղությամբ։ Վերջինս վիրավոր է։ Իրավապահները հրաձիգին մահացու կրակոց են հասցրել։
Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։ Ոստիկանությունը դեռևս չի գաղտնազերծում հրաձիգի ինքնությունը, նրա արարքի դրդապատճառները նույնպես անհայտ են։








































