Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարել է, որ Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել պրոռուսական էլիտա և հասարակական տրամադրությունների հետ աշխատել՝ մարդկանց բացատրելու համար, որ Ռուսաստանի հետ լինելը շահավետ է:
«Եթե մենք չզբաղվենք այդ աշխատանքով, չձևավորենք պրոռուսական էլիտա, մենք դատապարտված ենք անհաջողության»,- հայտարարել է նախկին դեսպանը: Սա կարելի է համարել ռուսաստանյան շրջանակներից եզակի սթափ գնահատական՝ փաստի արձանագրման առումով:
Ռուսաստանի նախկին դեսպանը հասկանում է, որ ինչքան էլ ռուսները Հայաստանի իշխանություններին որոշումներ պարտադրեն շանտաժի և սպառնալիքների ներքո, միևնույն է, նման քաղաքականությունը դատապարտված է, քանի որ ինչպես հենց ռուսներն են ասում՝ «սրտին չես հրամայի»: Իսկ Հայաստանի սիրտը իշխանությունները չեն, այլ հասարակությունը, որում այսօր տեղի են ունենում հեղափոխական գործընթացներ, վերանայվում են արժեքները, քանդվում ստերոտիպերը: Եվ այս գործընթացում մարդիկ սկսել են շատ ավելի սթափ ու իրատեսական գնահատել նաև «հավերժական բարեկամի» և «ավագ եղբոր» դերը՝ հասկանալով, որ այստեղ իրականում գործ ունենք մանիպուլյացիոն ձևակերպումների հետ, և իրականությունը շատ հեռու է Հայաստանի շահերից ու շահավետությունից: Սակայն հետաքրքիր է, թե ինչու էր նախկին դեսպան Կովալենկոն լռում իր պաշտոնավարման տարիներին, և կամ ինչ էր անում իր պաշտոնում՝ Հայաստանի հասարակության մեջ ռուսների հանդեպ դրական տրամադրություններ և շահավետության զգացողությունն ներշնչելու համար: Ոչինչ էլ չէր անում, այլ էլ ավելի էր խորացնում համոզմունքը, որ Ռուսաստանը պարզապես իր հարցերն է լուծում Հայաստանի շահերի և արժանապատվության հաշվին: Դրա վկայությունն էին Կովալենկոյի մի քանի անհարգալից հայտարարությունները Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին: Կովալենկոն ինքն էլ միացել էր հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ սպառնալիքների քաղաքականությանը և հենց այդ քաղաքականության դեսպանն էր Հայաստանում:
Հետաքրքրական է հատկապես «պրոռուսական էլիտայի» պահը: Բանն այն է, որ Մաքսային միության հանդեպ իշխանությունների և քաղաքական ուժերի հիմնական մեծամասնության վերաբերմունքից դատելով՝ Մոսկվայի մոտ նման խնդիր երևի թե չպետք է առաջանար: Այսինքն՝ մեր քաղաքական ընդդիմության հիմնական մասն էլ իր լղոզված հայտարարություններով ցույց տվեց, որ Մաքսային միությանը, այսինքն՝ Ռուսաստանին դեմ չէ: Ավելին՝ ռուսական «գծին» հավատարմության կամ լոյալության մասին հայտարարվել է վաղուց: Ուրեմն էլ ինչո՞ւ մտածել «պրոռուսական էլիտա» ձևավորելու մասին:
Մոսկվան, ամենայն հավանականությամբ, լավ է հասկանում, որ հավատարմության երդումները և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության ճամբարից ընդամենը պատեհապաշտության դրսևորումներ են, և առաջին իսկ հարմար պահին այդ ուժերը վազելու են ավելի ուժեղի կողմը, եթե այդ ուժեղը լինի: Այսինքն՝ Ռուսաստանը Հայաստանի քաղաքական դաշտում ճանաչվում է այնքանով, որքանով ապահովում է տվյալ սուբյեկտների տեղն այդ դաշտում և շանսերը՝ գալ կամ վերադառնալ իշխանության: Բավական է, որ Ռուսաստանը այդ ամենը զրոյացնի, և այդ ուժերի աչքում զրոյանալու է նաև ինքը: Այսինքն՝ նախկին դեսպան Կովալենկոն ընդամենը արտահայտում է հայաստանյան քաղաքական դաշտի հանդեպ Կրեմլի անվստահությունը:
Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք. Ռուսաստանը ուշացումով, սակայն կարծեք թե գիտակցում է, որ Հայաստանում իրականում տանուլ է տվել, ինչքան էլ որ իր ուզածին է հասնում պարտադրանքի միջոցով: Ընդ որում՝ տանուլ է տվել հիմնավորապես: Այս ամենը գիտակցելը, սակայն, դեռ շատ քիչ է, առավել ևս՝ ընդամենը նախկին դեսպանի մակարդակով գիտակցելը: Գիտակցությունը նախ պետք է լինի ամբողջական, սակայն դրանից հետո պետք է լինեն եզրակացություններ՝ իսկ ի՞նչ անել:
«Ով է մեղավոր»-ի բաժինը թողնում ենք իրենց. թող իրենք պարզեն, թե ով է մեղավոր այդ հիմնարար պարտության համար: Իսկ իրավիճակը շտկելու առումով Ռուսաստանը քայլեր պետք է ձեռնարկի, որոնք պետք է ունենան մեկ գլխավոր, առանցքային ելակետ՝ ճանաչել Հայաստանի ինքնիշխանության իրավունքը, ճանաչել Հայաստանի շահն ու հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը և հարաբերությունները կառուցել այդ ամենի վրա հիմնված տնտեսա-քաղաքական և այլ բնույթի առաջարկություններով:
Եթե Ռուսաստանը կարող է, ունակ է այդ ամենին, ապա վիճակը փոխելու հնարավորություններ դեռ ունի: Իսկ եթե ոչ, ապա անկեղծ խոստովանությունները վիճակը կարող են թեթևացնել դատարաններում, իսկ մեծ քաղաքականության մեջ դրանք քիչ բան են փոխում:








































