ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում դայակի տանը մահացել է 2-ամյա մի երեխա, երբ նրա վրա են հարձակվել միանգամից 5 տնային կենդանիներ, հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Ողբերգությունը տեղի է ունեցել Կոլտոն քաղաքում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները տանը հայտնաբերել են արնաշաղախ երեխային, որի մարմնի վերին հատվածներում հստակ երևացել են շների կծածի հետքերը:
Տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ տնից հայտնաբերվել են ամերիկյան պիտբուլտերիեր տեսակի 5 շներ: Ոստիկանությունում դեռ չեն պարզել, թե ինչու են կենդանիները հարձակվել երեխայի վրա:
Ամերիկյան պիտբուլտերիերները արգելված են ԵՄ շատ երկրներում: Մնացած երկրներում շնաբուծական կազմակերպությունների կողմից խստորեն սահմանված են դրանց պահելու կանոններ:






































