ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացնում է ամռան եղանակին խուսափել խոտածածկ տարածքներում խարույկներ վառելուց և, հատկապես, ապակյա տարաներով աղբը նետելուց:
«Հիմնական հրդեհները`լինի դա ամռան տապին, թե ցուրտ օրերին կապված են լինում մարդկային գործոնի հետ`անզգուշության և անփութության պատճառով: Իհարկե, կան նաև բնակլիմայական պայմաններ`արևի ճառագայթներից առաջացած հրդեհներ, բայց այստեղ նույնպես մարդկային գործոնն իր դերն ունի: Հանգստի գնալուց հետո, մարդիկ իրենցից հետո թողնում են աղբը, որտեղ կան ապակյա շշեր, որոնց վրա այդ ժամանակ արևի ճառագայթները կարող են ընկնել և ապակին ոսպնյակի դեր կատարելով բռնկման աղբյուր կարող է հանդիսանալ»,- նշեց ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
Ներկայացնելով իրենց գերատեսչության հիմնական աշխատանքը կապված հրդեհների կանխարգելման, ռիսկի գործոնը նվազեցնելու հետ, նա ասաց, որ կարևորագույն ուղղությունը հակահրդեհային քարոզչությունն է:








































