Բջջային հեռախոսների կանադական արտադրող BlackBerry ընկերությունը հայտարարել է իր բաժնետոմսերի 100 տոկոսը Fairfax Financial Holdings ներդրումային կոնսորցիումին վաճառելու մասին: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը: Գործարքի արժեքը գնահատվում է 4.7 մլրդ դոլար: Գործարքի մասին վերջնական համաձայնագրի կնքումը կողմերը ծրագրում են նոյեմբերի 4-ին:
Ներկայումս Fairfax-ը BlackBerry-ի բաժնետոմսերի ամենամեծ բաժնետերն է: Ներդրումային կոնսորցիումին է պատկանում բաժնետոմսերի շուրջ 10 տոկոսը: Մնացած բաժնետերերի մասնաբաժինները կգնվեն մեկ բաժնետոմսի դիմաց 9 դոլարի հաշվարկով:
Fairfax-ի գործարքի պլանների մասին հայտարարումից հետո BlackBerry-ի բաժնետոմսերը թանկացել են՝ հասնելով 9.08 դոլարի: Օրվա առաաջին կեսին բաժնետոմսերը եղել են 8.23 դոլարի նշագծի վրա:
Դեռևս 5 տարի առաջ BlackBerry սմարթֆոնները համարվում էին շուկայում ամենահեռանկարայիններից մեկը, սակայն վերջին տարիներին ընկերության սմարթֆոնների վաճառքն անշեղորեն նվազել է, իսկ բաժնետոմսերը կորցրել են արժեքի մոտ 90 տոկոսը: Չգոհացնող ֆինանսական արդյունքները ստիպել էին BlackBerry-ին այս տարվա օգոստոսին հայտարարել գնորդի որոնման մասին:








































