Եգիպտոսի Մալավի քաղաքի հնությունների թանգարան են վերադարձվել առնվազն 400 ցուցանմուշներ, որոնք այդտեղից գողացվել էին 2013 թ. անկարգությունների ժամանակ, հաղորդում է The Art Newspaper-ը: Մասնավորապես՝ վերադարձվել են տասներեք ցուցանմուշներ, որոնք տեղի մսավաճառներից մեկը փորձել է վաճառել սև շուկայում:
Ոստիկանության աշխատակիցը, ներկայանալով որպես պոտենցիալ գնորդ, մսավաճառ Էսամ Ալ-Սաքատի հետ հանդիպել է Գիզա քաղաքում և բացահայտել նրան:
Ալ-Սաքատը դարձել է առաջին անձը, որը ձերբակալվել է Մալավիի թանգարանի կողոպուտի հետ կապված: Այս թանագարանը մշակույթի այն կենտրոններից մեկն էր, որ ամենաշատն էր տուժել անկարգությունների ընթացքում, որոնք բռնկվել էին երկրում՝ հուլիսին նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո: Սեպտեմբերին Մալավի են այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի խումբ փորձագետներ, որոնք եկել են այն եզրահանգման, որ թանգարանից կորել է 600 ցուցանմուշ:








































