Պաշտպանության նախարարությունը չունի համակարգի խնդիրների մասին բաց քննարկման ցանկություն: Այսօր այդ մասին հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը` «Բանակ և հասարակություն» խորագրով հրավիրած քննարկման ժամանակ: «Մենք 34 մահացության դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ունեինք, սակայն ՊՆ-ն ընդամենը 10-ն է հրապարակել։ Մնացած դեպքերը չեն հրապարկվել։ Սա խոսում է այն մասին, որ դեռ շատ դեպքեր կան, որոնց մասին մեզ տեղեկություններ չի հաջողվում ստանալ»,- սա Ա. Սաքունցի բերած օրինակներից մեկն էր, որն արդեն կասկածի տակ է դնում բանակի ղեկավարության` հասարակության հետ բաց շփվելու հարցը։ ԼՂՀ Մարտունիում սպանված 6 զինծառայողների սպանության գործով մինչ օրս չկան փորձաքննությունների եզրակացությունները, և հիմա տղաներին խմածություն վերագրելով՝ փորձում են գործը կոծկել: Սա անվստահության մթնոլորտում աշխատելու երկրորդ օրինակն է: Բացի այդ, կոնկրետ հանցագործությունների մասին հաղորդումներ են եղել մամուլում, օրինակ` «Ժամանակ» օրաթերթում, անդրադարձ է եղել Ջողազի ջրամբարի անհետացած պոմպերի, խողովակաշարերին, նաև գեներալական բիզնեսներին. պատկան մարմիններն ինչո՞ւ չեն ուսումնասիրում և կոնկրետ տեղեկացնում, թե ուսումնասիրության արդյունքում ի՞նչ է պարզվել: Ըստ իրավապաշտպանի՝ ՊՆ–ն պետք է ունենա հատուկ քաղաքականություն, որի նպատակը զինված ուժերում կատարվող դեպքերի, երևույթների կանխարգելումը պետք է լինի։ Քննարկմանը հրավիրված ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Ավետիսյանն էլ նշեց, որ հնարավոր չէ նման խնդիրներից, դժբախտ դեպքերից խուսափել, քանի որ աշխարհի բոլոր բանակներում էլ կան շատ լուրջ խնդիրներ, և բանակը հասարակության հայելին է։ Նա նաև հավելեց, որ եթե ցանկություն չի լինում նկատել բանակում կատարվող բարեփոխումները, դրանք տեսանելի չեն դառնա։ Հարցին, թե՝ ի՞նչ համեմատություն կարելի է անել պատերազմյան, հետպատերազմյան և ներկայիս բանակի միջև, Արթուր Սաքունցը պատասխանեց, որ դրանք անհամեմատելի են. 1988-ին չկար կանոնավոր բանակ, բայց տղաները կամավոր էին գնում, իսկ 1995-ից հետո էլ բարեփոխում չի կատարվել, որովհետև ունեցանք կանոնավոր բանակ, բայց հիմա չեն ցանկանում ծառայել, վախենում են, ինչը լուրջ մտածելու տեղիք է տալիս: Այսինքն՝ բարեփոխումները իմիտացիոն բնույթ են կրում: