Ադրբեջանական լրատվական կայքն անդրադարձել է Թուրքիայում հանգստացող հայերի թվի աճին: Միայն այս տարվա հունվար-հուլիսին Թուրքիայում հանգստացել է 36 հազար 121 հայաստանցի: Ամբողջ 2012թ-ին զբոսաշրջության համար Թուրքիան նախընտրած հայերը 70 հազար 956-ն էին: Սրանք Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներն են:
Լրատվական կայքը գրում է, որ կարելի է ասել Թուրքիայում է եղել ամբողջությամբ լցված Հրազդան մարզադաշտը և Թուրքիայի նկատմամբ սերը դարձել է հայկական պարադոքս, չնայած թշնամանքին և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը:
Իրոք պարադոքսալ է, որ տարեկան ավելի քան 70 հազար հայեր հանգստանում և ավելին իրենց խնայողությունները ծախսում են մի երկրում, որը Հայոց ցեղասպանության միակ մեղավորն է, որը ամբողջությամբ պաշտպանում և ամեն հարմար պահի աջակցում է մյուս ոչ բարեկամ երկրին` Ադրբեջանին: Ի դեպ, սա ընդգծում է նաև նյութի հեղինակը և նշում, որ հայերը թուրքական ափերին գնում են ոչ միայն լողազգեստներ և մրգային կոկտեյլներ, այլ ամեն տարի Թուրքիայում են թողնում ամենաքիչը 70-80 մլն եվրո:
Եվ վերջում հեղինակն ուղղակի հարցնում է. ուր է հայրենասիրությունն ու ինքնասիրության զգացումը, թե՞ դա միայն հիշում են ապրիլ ամսին ու միայն բառերով: Իրոք որ, ուր է…








































