Առաջիկայում Սերժ Սարգսյանն սկսելու է պետական կառավարման համակարգի գույքագրում կատարել: Գույքագրումը նրան անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչ ռեսուրս ունի Մաքսային միությանն անդամակցելու մասին Հայաստանի որոշումից հետո համընդհանուր հիասթափությունից հետո: Գույքագրումը նրան հարկավոր է հասկանալու համար՝ ինչին է տիրապետում, ինչն է դուրս իր վերահսկողությունից, ինչը ձգելու կարիք կա, և այլն, և այլն: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը գույքագրում է իրականացնում իրավիճակն ամբողջությամբ իր ձեռքը հավաքելու, իրեն ենթակայեցնելու և ավելորդ խաղերից ու սաբոտաժներից, դավադրություններից և արտակարգ իրավիճակներից ապահովագրվելու համար: Այդ իսկ պատճառով նա անցնում է բոլոր «սենյակներով» և ըստ էության զգուշացնում բոլորին, որ կա մեկ հրամանատար, մեկ վերադաս, և դա ինքն է, ու բոլորը պատասխան կտան, այլ վերադաս ճանաչելու և իրեն հաշվետու չլինելու դեպքում:
Այստեղ կա երկու հանգամանք: Մի կողմից միանգամայն օրինաչափ է, որ առաջիկա զարգացումներից՝ առավելապես հաջորդ տարի սպասվող սահմանադրական հանրաքվեից առաջ Սերժ Սարգսյանը փորձում է ի մի բերել իր ունեցածը, հասկանալ, թե ինչ ռեսուրս ունի, գնահատել այն, որպեսզի հետագայում չսխալվի հաշվարկների մեջ և չհայտնվի փաստի առաջ: Սարգսյանը բնականորեն փորձում է հասկանալ, թե որտեղ ինչ է պակաս՝ վարչական մեքենայի անխափան աշխատանքի համար: Այսինքն` նա իրականում այդ խնդիրն է լուծում, ոչ թե կառավարման համակարգի արդյունավետության: Ավելի շուտ, իհարկե արդյունավետությունն է խնդիրը, բայց` իշխանության վերարտադրության, ոչ թե պետության ապագայի տեսանկյունից: Հակառակ պարագայում, ոչ թե խորհրդակցություններ և սպառնալիքներ կլինեին, այլ կլինեին քրեական գործեր, ընդ որում` բավական խոշորամասշտաբ, կլինեին խոշոր ձերբակալվածներ, ոչ թե հայտարարություններ այդ մասին, ինչը ըստ էության խոշորներին ավելի շատ զգուշացում է անմիջապես մաքրվելու մասին, քան պատասխանատվության ենթարկելու հաստատակամություն:
Մյուս հանգամանքը, որ Սերժ Սարգսյանին մղում է գույքագրման, դավադրության վտանգն է: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ամբողջությամբ չէ, որ տիրապետում է համակարգին: Սեպտեմբերի 3-ի նվաստացումից հետո Սերժ Սարգսյանը լավ է հասկանում, որ Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ-ն թեև ճակատային դիմադրության դուրս չեն գալիս, բայց բավական լարվածության մեջ են պահում իրենց հավակնություններով: Ով-ով, բայց Սերժ Սարգսյանն ամենից լավ գիտե Ռոբերտ Քոչարյանի ներկայացվածության մակարդակն իշխանական համակարգում ու թերևս պատկերացնում է, որ նա ունի կազմակերպված քաոս առաջացնելու հնարավորություն, որը կօգտագործի իշխանությունը ֆորս-մաժորով իրեն փոխանցելու, կա՛մ էլ սահմանադրական բարեփոխումների փաթեթում ծանրակշիռ իշխանական ներկայացվածության պահանջներ ներկայացնելու համար: Պետական կառավարման համակարգի գույքագրումը ունի այդ ռիսկային գոտիները վեր հանելու և ծածկելու նպատակ:
Սերժ Սարգսյանը, ըստ էության, դեղին քարտ է ցույց տալիս համակարգին կանխավ, դեռևս խախտում չարած, որպեսզի խախտման դեպքում անմիջապես հետևի կարմիրն ու հեռացումը, առանց ժամանակ կորցնելու, որովհետև Սերժ Սարգսյանը կարող է հայտնվել հայտնի վիճակում, երբ այսօր շուտ է, իսկ վաղն ուշ կլինի:







































