Իսրայելցի գիտնականների հետազոտությունները պարզել են, որ առողջ մարդու ձեռագիրը բոլորովին տարբերվում է հիվանդ մարդու ձեռագրից: Գրելու ձևը կարող է վկայել լուրջ հիվանդության առկայության մասին:
Հետազոտությունը ղեկավարել է Սառա Ռոզենբլյումը: Նրա ղեկավարած խումբը պարզել է, որ կան գրելու ձևի որոշ առանձնահատկություններ, որոնք հաստատում են Պարկինսոնի հիվանդության առկայությունը: Տվյալ դեպքում նկատի է առնվում հիվանդության սկզբնական փուլը: Փորձին մասնակցել է 40 հիվանդ, որոնցից 20-ի մոտ ավելի վաղ հայտնաբերվել է այս հիվանդությունը:
Կամավորներին առաջարկել են թղթի վրա գրել իրենց անունը, այլ օրինակից արտագրել հասցեն և կից տեղեկություն: Պարզվել է, որ այս հիվանդությամբ տառապողները գրում են ավելի փոքր ձեռագրով, քան առողջները: Բացի դրանից՝ առաջադրանքը կատարելու համար նրանք ավելի շատ ժամանակ են ծախսել. նրանք ավելի դանդաղ են գրել, գրիչի վրա ավելի փոքր ճնշում են գործադրել:
Հետազոտողներն ապացուցել են, որ եթե մարդը հիվանդ է, նրա ուղեղին ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ հետագա գործողությունները ծրագրելու համար: Այսպիսի երևույթը հաստատում է կոգնիտիվ ունակությունների նվազումը: Այս մանրամասները լրագրողների հետ հանդիպմանը բացատրել է պրոֆեսոր Ռոզենբլյումը, հայտնում է raut.ru-ն:
Ներկայումս գիտնականները կասկած չունեն, որ մեծ կարևորություն ունեցող նշանակալի բացահայտում են արել: Ցանկացած հիվանդություն պետք է վաղ բացահայտվի: Ձեռագրի փոփոխությունը կարելի է նկատել հիվանդության մնացած նախանշաններից ավելի վաղ: Ձեռագրի միջոցով Պարկինսոնի հիվանդությունը կարող է հայտնաբերվել վաղ փուլում, ինչը բուժումն ավելի արդյունավետ կդարձնի:











































