Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով մեկնարկած համազգային երթին այսօր մասնակցում էր նաև «Հայազն» կուսակցությունը:
Կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա՝ քաղաքական ու քաղաքացիական հասարակության միավորման պատճառը պայմանավորված էր ոչ այնքան անկախության տարեդարձով, որքան անկախության կորստի սպառնալիքով․ «Կազմակերպություններն այս դեպքում ոչ թե հանդես են գալիս կազմակերպության անուններով, այլ անհատ անհայտներ մասամբ ինքնաբուխ նախաձեռնություն իրականացրին»:
Նրա գնահատմամբ՝ սա լավ փորձառություն է․ «Երբ տարբեր կարծիքներ ունեցող մարդիկ միավորվում և կարևոր գործ են անում, հետագայում սա օգնում է, որ իրար լսեն, հասկանան, որովհետև այդ վեճերը հիմնականում ոչ այնքան վեճ են, որքան մրցակցություն:
Հիմա, կարծում եմ, համատեղ գործունեություն իրականացրած մարդիկ ավելի ուշադիր կլսեն իրար և հետագայում ավելի հաճախ կհամագործակցեն»:
Արմեն Աղայանը հավելեց, որ «Հայազն» կուսակցությունը դեմ է եղել և՛ Մաքսային միությանն անդամագրվելուն, և՛ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելուն․ «Հայաստանում տարիներ շարունակ ինտեգրացիան ընկալվել է որպես ինչ-որ մեկի թևի տակ մտնել, ինքնիշխանության մեծ մասը հանձնել: Ինձ համար երկուսն էլ հավասարապես մերժելի են, որովհետև երկուսն էլ սահմանափակում են մեր ինքնիշխանությունը»:
Մանրամասները դիտե՛ք մեր տեսանյութում








































