Երգահան, երաժիշտ Լիլիթ Պիպոյանը, շնորհավորելով Անկախության 22-ամյակը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ճիշտ է, մենք մեզ լրիվ անկախ չենք զգում, բայց իրականում չի էլ կարող լինել ամբողջական անկախություն: Նա նշեց, որ իսկական անկախությունը կապված է ուժի հետ, և մենք անկախ ենք մեր ուժի սահմաններում. «Բոլորն էլ կապված են մեկը մյուսի հետ, որոշները թելադրում են, որոշները՝ թելադրվում, բայց համենայն դեպս՝ նույնիսկ ուժեղները կախյալ են»:
Ինչ վերաբերում է երկրի ներսում անկախությանը, ապա նա փաստեց, որ քսաներկու տարին բավական երկար ժամկետ էր, անկախությունը ընդունելիս մարդիկ հույս ունեին, որ իսկական, պինդ և բարեկեցիկ երկիր է դառնալու Հայաստանը, սակայն այդպես չեղավ. «Ես ծայրահեղական չեմ և կարծում եմ, որ այդքան էլ վատ չէ, թերությունները կարելի է ուղղել»:
Նրա հավաստմամբ՝ գեոպոլիտիկ առումով Հայաստանի դիրքն այնքան էլ հարմար չէ, այստեղ միշտ խնդիրներ կան և արտաքին կապերում շատ դժվար է անկախ լինել: Մաքսային միության մասին նա նշեց, որ մեր կառավարությունը այս կառույցին միանալը գտել է ամենաարդյունավետ տարբերակը՝ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար: Այլ հարց է, որ սա արվել է հասարակությունից թաքուն. «Ես կարծում եմ, որ մեր քաղաքական այրերը դատում են, և դրական, և բասական հետևանքների մասին մտածում, նոր են որոշումներ կայացնում»:









































