«Ոստիկանները չեն ապահովում երթի անխափան ընթացքը… Եթե մենք կատարենք նրանց պահանջները, դա կնշանակի, որ մենք դուրս ենք եկել ոչ թե ցույցի կամ երթի, այլ դուրս ենք եկել զբոսնելու»,- այսօր նախագահական նստավայրի մոտ բողոքի համազգային երթի ընթացքում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքցիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը․ «Փոխանակ նրանք ապահովեն երթի անխափան ընթացը, այսինքն՝ այնպիսի տարածության ստեղծեն, որպեսզի ցուցարարները կարողանան անվտանգ բողոքի ակցիա իրականացնել, պահանջում են տեղափոխվել մայթ, սակայն երթի և հրապարակային ակցիայի իմաստը հրապարակայնության ներկայացումն է»:
Նույն տրամաբանությամբ, ըստ Սաքունցի, եթե մայթով շարժվեն, ուրեմն այն քաղաքացիները, ովքեր երթին չեն մասնացկում, իրենց կխանգարեն․ «Ինչո՞ւ այդ դեպքում դրա համար չեն մտահոգվում: Նրանք պարտավոր են ապահովել մեքենաների այնպիսի հեռավորություն, որ երթի մասնակիցները կարողանան փողոցով քայլել»:
Հարցին, թե, իր գնահատմամբ, հասա՞վ արդյոք երթի մեսիջը Սերժ Սարգսյանին, մեր զրուցակիցը պատասխանեց․«Այս երթի մեսիջն այն էր, որ տարբեր խմբեր՝ խիստ տարբեր հայացքներով, Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության մասին մտահոգվելով միավորվում են»:
Սաքունցն ընդգծեց, որ իրենք չեն կարող հաշտվել ինքնիշխանության կորստի հետ, իսկ Մաքսային միությանն անդամագրվելու Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի՝ որպես իրավական, ժողովրդավարական պետություն լինելը: «Սերժ Սարգսյանը ոչ ժողովրդավարական մեթոդներով շարունակում է Հայաստանի ժողովրդավարությունը ոչնչացնել»,- կարծում է իրավապաշտպանը:
Դիտե՛ք մեր տեսանյութը











































