Հայաստանն այսօր գտնվում է շատ ծանր վիճակում. Նրա անկախությունը երբեք այսքան վտանգված չի եղել: «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ-ի սեպտեմբերի 21-ին կայացած երկրորդ արտահերթ համաժողովի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Քաղաքացիական, ինչպես նաև Հայաստանի՝ որպես հայրենիքի գիտակցության պակասի պատճառով երկիրը, առանց չափազանցության, հայտնվել է նույն վտանգի առաջ, ինչ որ գուցեև 1920 թվականին: Մտածելակերպի արատները, որոնք պետականություն չունենալու հետևանքով անցել են ներկայիս սերնդին, խտացված կերպով կենտրոնացել են քաղաքական համակարգում: Դա է, որ թուլություն է հաղորդում մեր անկախությանը»,- ասաց նա:
Անդրադառնալով «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ-ի գործունեությանը՝ փորձագետը նկատեց, որ քաղաքացիական գիտակցություն նշանակում է մերժել գետտոյի, հատվածային և կուսակցական մտածելակերպը: «Թեկուզ կոպիտ է հնչում՝ քաղաքացիական գիտակցություն նշանակում է նաև մերժել քաղաքական մտքի փինաչիությունը»,- ասաց նա:











































