Ազատության հրապարակում ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանից հետո ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով խոսեց ներքին վտանգներից, որոնք, նրա խոսքերով, նպաստավոր պայմաններ են ստեղծում արտաքին մարտահրավերների խորացման համար:
«Կոնկրետ կանդրադառնամ երկրում տիրող անարդարության, անպատժելիության շարունակվող մթնոլորտին: Չնայած ամենաբարձր մակարդակով հնչող խոստումներին ու պնդումներին՝ հունիսին ցնցվեցինք Սուրիկ Խաչատրյանի տան առջև Ավետիք Բուդաղյանի սպանության և նրա եղբոր վիրավորվելու լուրից: Շունչներս պահած սպասում էինք արդարադատության, բայց երկու շաբաթ առաջ ամպրոպի պես գլխներիս պայթեց Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի արդարացման լուրը, նրանց նկատմամբ հարուցված քրեական գործի կարճման լուրը՝ այն դեպքում, երբ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը շարունակում է մնալ կալանավորված: Քրեական գործերը կարճելու մասին փաստաբանի խոսքերը ականջիս հայհոյանքի պես էին հնչում, որովհետև հիշեցի, թե անմարդկային ու անիրավ կերպարի մասին շատ մեղադրանքներ են լսվել, բայց նա շարունակում է ապրել անխռով, իսկ հանցագործության մեջ մեղադրվող տղան ու թիկնապահը շարունակում են ապրել իրենց ազատությունը: Իսկ դատախազությունը խուլ ու համր է: Երևանցի չորս երիտասարդի ընդամենը դեզ վառելու դեպքը, և արդեն վեց ամիս կալանավորված են ու նրանց սպասվում է վեց տարի ազատազրկում: Տասնվեց տարեկան տղային ևս սպասում է՝ մի քանի շիշ օղի ու բանբանեռկա է գողացել: Ում ազատության մեջ մնալն է վնասակար՝ այս երիտասարդների՞, թե՞ Լիսկայի: Այս հարցը տալիս եմ դատախազության աշխատակիցներին»,- ասաց Ա. Բախշյանը:








































