Անկախություն բերող սերունդը պայքարելու է: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ խոսելով նաև անկախության տարիների կորուստների մասին:
Նա թվարկեց, թե ինչ է հասցրել վաճառել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման տարիներին՝ ասելով, որ ով ինչ ուզել է՝ տվել են, ապա՝ ավելի ուշ, վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառել է բանկի ողջ ոսկին, վալյուտային ոսկին: Արամ Մանուկյանը ցավում է, բայց փաստում է, որ անկախություն բերող սերունդը դեռ կա և պայքարելու է:
Անդրադառնալով Մոսկվայում նոր բացված եկեղեցուն՝ ասաց, որ ամաչում է, երբ ՀՀ իշխանությունները անարժանապատիվ, նվաստացած են գնում Մոսկվա, երբ ՌԴ իշխանությունները որևէ մակարդակով չեն դիմավորում ՀՀ և ԼՂ նախագահներ կոչվածներին:
«Ես այսօր իմացա, որ անցյալ տարի եղել է կառավարության՝ Տիգրան Սարգսյանի որոշում՝ գաղտնի բանակցություններ վարել ՄՄ-ին միանալու համար, նախարարական հանձնաժողով է նույնիսկ ստեղծվել և գաղտնի բանակցություններ վարել: Եվ խորհրդարանում իմ հայտարարությունը, թե այս իշխանությունը գաղտնի գործունեություն է ծավալել, հիմա ապացուցվում է: Դրան նույնիսկ Հանրապետական կուսակցությունը տեղյակ չէ մինչև հիմա»,- նշեց Արամ Մանուկյանը՝ տեղի ունեցածը որակելով խայտառակություն:
Հարցին՝ ՄՄ-ին միանալու որոշումը չի՞ սպառնում ՀՀ անկախությանը, նա պատասխանեց, որ չգիտի, թե իրենից ինչ է ներկայացնում ՄՄ-ն, և ինչ հեռանկար է սպասվում: Ավելին՝ ըստ նրա, Ռուսաստանն էլ համոզված չէ, որ Սերժ Սարգսյանն իր հայտարարության հարցում անկեղծ է եղել, քանի որ գիտակցելով Ասոցացման համաձայնագրի և ՄՄ-ի անհամատեղելիության մասին՝ ավանտյուրաներով փորձում են ինչ-որ բան անել:
«Մենք առարկայական քննարկում չենք կարող անել. ես կարևորագույն հարցերից տեղյակ չեմ, չեմ համարձակվում գնահատական տալ մի բանի, որի մասին տեղեկություն չունեմ: Շուլլերություն անող և միանձնյա որոշումներ կայացնող, այդ որոշումները սեփական թիմի հետ չքննարկող իշխանությունը բանակցելու իրավունք չունի: Սերժի հետ ես ճանապարհ չեմ գնա, նրա հետ ես արկած եմ տեսնում: Ինձ որ մնար՝ և՛ եվրոպական շուկա, և՛ ռուսական, սակայն կտրուկ քայլեր անելն ռիսկ է, անվանգության խնդիր»,- ասաց Արամ Մանուկյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































