Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հաստատում են, որ Հայաստանը դեռ մեկ ամիս առաջ կասեցրել է եվրոպական երկրներից բանջարաբոստանային մշակաբույսերի ներկրումը։ Իսկ ներկրման արգելքը մասնավորապես տարածվում է վարունգի և լոլիկի վրա: Հիշեցնենք, որ Գերմանիայում բռնկվել է աղիքային վարակ, որի հետևանքով արդեն մահացել է 14 մարդ և մոտ 2000 մարդ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Վարակը տարածվել է Իսպանիայում աճեցված վարունգից։
Ամեն դեպքում զրուցեցինք Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի հետ, որը նշեց, որ եթե ներկրումը դադարեցրել են՝ դա դրական քայլ է: «Բայց՝ եթե դադարեցրել են: Մեզ պետք է առաջին հերթին, որ սննդի անվտանգության տեսչությունը արագ մտնի աշխատունակ ռեժիմի մեջ: Վերջին ամիսներին մեր բոլոր ահազանգերին ու դիմումներին պատասխանում են, որ տեսչությունը դեռ վերակառուցման պրոցեսում է, իսկ դա աղետ է: Այդ ընթացքում սպառողներն է՛լ ավելի անպաշտպան են դառնում»,- ավելացրեց Արմեն Պողոսյանը:








































