Հունաստանում մի քանի հազար մարդ է մասնակցել ազգայնականների կողմից սպանված հակաֆաշիստ Պավլոս Ֆիսասոսի հուղարկավորությանը: Հուղարկավորությունից հետո գերեզմանոցում հնչել են հակաֆաշիստական կարգախոսներ, ֆաշիստներին իշխանությանը մոտ չթողնելու կոչեր՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Օրենքի համաձայն, որն արգելում է հայտարարել հանցագործության կասկածյալի ինքնությունը՝ բացառությամբ հատուկ հանգամանքների, ոստիկանությունը պաշտոնապես չի հայտարարել սպանության մեջ կասկածվող 45-ամյա կասկածյալի անունը:
Հուղարկավորության մասնակիցների խոսքերով՝ սպանությունը եղել է ծրագրված, մի քանի տասնյակ ազգայնականներ սպասել են Ֆիսասոսին և նրա երեք ընկերներին սրճարանի մոտ, որտեղ նրանք երեկոյան ֆուտբոլ են դիտել: Տեղի բնակիչների խոսքերով՝ ազգայնականները մշտապես սպառնում են արհմիութենական գործիչներին և հակաֆաշիստական շարժման ակտիվիստներին:








































