Հարցին, թե ինքը քաղաքապետ է եղել, հնարավո՞ր է այդ պաշտոնով այնքան մեծ հարստություն կուտակել, ինչքան Տարոն Մարգարյանն ունի, վարչապետը պատասխանել է, որ պաշտոնով՝ ոչ:
Սա առաջին դեպքը չէ, որ Կարապետյանը տարբեր հայտարարություններով խոսում է Հայաստանի իշխանության կոռումպացվածության մասին: Օրինակ՝ Կարապետյանն իր վարչապետության արշալույսին շրջանառու դարձրեց «պրիմիտիվ գողության» թեման՝ չնայած հետագայում հետևողականորեն լղոզեց իր հայտարարությունը, իսկ իրավապահ մարմինները տպավորություն ստեղծեցին, որ վարչապետը կոնկրետ բան չի ասել և ընդհանրական խոսել է երևույթի մասին:
Ավելի ուշ Կարեն Կարապետյանը խոսեց բանակին մատակարարված անորակ դիզվառելիքի մասին: Հավանաբար, այս հայտարարությունը հետևանք էր ներիշխանական հակասությունների, և Կարապետյանն, ըստ ամենայնի, այն հնչեցրել է ներիշխանական հակասությունների ֆոնին և ակնհայտորեն քար էր նետում համակարգային իր պոտենցիալ մրցակից Վիգեն Սարգսյանի «բոստանը»: Ամենաուշագրավն այն է, որ դիզվառելիքին վերաբերող վարչապետի հայտարարությունը դարձյալ մնաց անհետևանք ու «ջրվեց» ոչ թե Կարեն Կարապետյանի, այլ մյուսների կողմից:
Այսօր Կարեն Կարապետյանն ուղիղ տեքստով ասել է, թե քաղաքապետի պաշտոնը հնարավորություն չի տալիս, որպեսզի Տարոն Մարգարյանը նման հարստություն դիզի: Կարապետյանն, ըստ էության, Մարգարյանին մեղադրել է կոռուպցիայի մեջ և ավելի զուսպ կրկնել է քաղաքապետին հասցեագրված Զարուհի Փոստանջյանի թալանի մեղադրանքը: Կամ էլ՝ Կարապետյանը Մարգարյանին մեղադրել է այլ ապօրինության մեջ, որ նա պետական աշխատանքը մեկտեղում է գործարարության հետ, ինչն, ի դեպ, Հայաստանի օրենսդրությամբ արգելված է:
Նման մեղադրանքներից հետո Զարուհի Փոստանջյանը գոնե այնքան բարոյականություն ունի, որ չի մասնակցում քաղաքապետի ինագուրացիային: Կարեն Կարապետյանը մասնակցում է, մի բան էլ՝ դրվատում է Մարգարյանի գործունեությունը:
Կասկած չկա, որ մի քանի օրից Կարապետյանն ասելու է, որ լրագրողները սխալ են հասկացել Տարոն Մարգարյանի մասին իր ասածը, ու վերջինս բյուրեղյա մաքրություն ունեցող պաշտոնյա է, իշխանավորի էտալոն: Լրագրողներն իսկապես ինչ-որ բան սխալ են հասկացել, ու դա այն է, որ մինչև հիմա լուրջ են վերաբերվում Կարեն Կարապետյանի խոսքերին:










































