Այսօր Հայաստան են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հանդիպումներ կունենան Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Համանախագահների այցից առաջ ՌԴ արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ նրանք կհստակեցնեն իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում: Իսկ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Երևանը միայն մեկ ակնկալիք ունի նրանց այցից՝ որպեսզի սահմանին դադարեցվեն Ադրբեջանի կրակոցները:
Անկասկած միամիտ կլինի սպասել, որ դա տեղի կունենա՝ առնվազն այս այցից հետո: Ավելին, հունիսի 8-ի երեկոյան Ադրբեջանը կրկին կրակել էր, և Հայաստանի սահմանային Բաղանիս գյուղի ուղղությամբ՝ Տավուշում: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ընդհանրապես, վերջին շրջանում սահմանի կրակոցների տրամաչափը որոշակիորեն փոքրացել է, հատկապես Մինսկի խմբի համանախագահ եռյակի հասցեական հայտարարությունից հետո, որ եղավ կառավարվող հրթիռով հայկական ՀՕՊ կայանին հարվածից հետո: Իհարկե, մինչև հայտարարությունը դրան հաջորդել էր նաև հայկական կողմի պատասխանը, որի տեսանյութը Երևանը տարածեց համացանցում: Դա երևի թե ամենաէական հանգամանքն է, այսինքն՝ սեփական անվտանգությունը սեփական ուժերով պաշտպանելու կարողությունն ու հաստատակամությունը:
Ղարաբաղյան հակամարտության գործընթացում առանցքային նշանակություն ունեցողը, առաջնայինը համանախագահների այցերը, գործողությունները, հայտարարությունները կամ նման գործոնները չեն: Առաջնայինն ու հիմնարարը Հայաստանի սեփական անվտանգության հարցում սեփական կենսունակությունն է, որը ներառում է հարցերի կոմպլեքս՝ սկսած տնտեսությունից, մինչև քաղաքական համակարգի կայունություն և լեգիտիմություն: Եվ այդ ամբողջը անկասկած մի նախապայմանով՝ ինքնիշխանություն: Կդրսևորի այդ ամենը Հայաստանը՝ կունենանք զսպված հակառակորդ և նաև մեր կենսունակությանն ու մրցունակությանը համարժեք պահվածք համանախագահներից, ինչպիսին տեսանք նրանց առաջին հասցեական հայտարարության տեսքով:
Խնդիրը շատ պարզ է՝ համանախագահ երկրները ունեն բավականին տարբեր ռազմավարական շահեր, և սպասել, որ այդ շահերը կարող են համընկնել և ծառայել Հայաստանին կամ Ադրբեջանին՝ մանկամտություն է: Հայաստանն ու Ադրբեջանը կարող են և անկասկած կամա թե ակամա մրցակցում են ու մրցակցելու են երեք տերությունների շահերը առավելագույնս համադրելու հարցում՝ իրենց շահերի հետ համադրելու: Եվ այստեղ ով լինի առավել կենսունակ, նա էլ շահելու է:
Բայց դա միանգամյան ակտի խնդիր չէ, այլ անվերջ գործընթաց, որը պահանջում է անընդհատ աշխատանք, անընդհատ զարգացում, արդիականացում, ներքին կյանքի անընդհատ բարեփոխում, ինստիտուտների կայացում ու կատարելագործում, ներդաշնակեցում համաշխարհային միտումներին և համամարդկային օրակարգին:
Համանախագահների այցերը, միջազգային այլ կառույցների, խոշոր տերությունների դիվանագետների, պաշտոնյաների այցերը կարող են ընդամենը ունենալ այդ ներքին որակների «մոնիտորինգի» նշանակություն՝ դրանից բխող քաղաքական հետևությունների ու եզրակացությունների նախադրյալներով, որոնք էլ դառնալու են տվյալ խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական ռազմավարությունն ու մարտավարությունը պայմանավորող գործոններ:
Ըստ այդմ, էականն այն չէ, թե ինչ են ասելու համանախագահները կամ Հայաստան եկող որևէ այլ պատվիրակություն: Էականն այն է, թե ինչ են նրանք Հայաստանում տեսնելու և արձանագրելու, նաև՝ Ադրբեջանի համեմատ:










































