Իտալիայի խորհրդարանի վերին պալատի հատուկ հանձնաժողովն անցկացրել է քվեարկություն Սենատից երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին բացառելու հարցով: Սենատում քաղաքական գործչի տեղը պահպանելու դեմ է քվեարկել հանձնաժողովի 15 անդամ: Բեռլուսկոնիի 8 կողմնակիցներ ի նշան բողոքի բոյկոտել են քվեարկությունը, և մեկ սենատոր քվեարկել է հաջակցություն նախկին վարչապետի, ով Սենատում ընտրվել էր փետրվարին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բեռլուսկոնիին Սենատից բացառելու հարցն առաջացել էր այն բանից հետո, երբ նա օգոստոսի 1-ին վերջնականապես դատապարտվեց 4 տարվա ազատազրկման իր ընկերության՝ Mediaset-ի կողմից ֆինանսական խարդախությունների համար:
Հաջորդ փուլում կանցկացվի հատուկ հանձնաժողովի նիստ, որի ժամանակ կներկայացվեն հօգուտ Բեռլուսկոնիի բացառման փաստարկները, կկայանա ևս մեկ քվեարկություն, որից հետո իր կարծիքը կհայտնի ողջ սենատը:
Քվեարկության նախաշեմին Բեռլուսկոնին հեռուստաելույթում ասել էր, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, նույնիսկ խորհրդարանից բացառվելու դեպքում: Նա մեղադրել էր երկրի դատական համակարգին քաղաքական նպատակներով հետապնդումների մեջ, ինչը նրա խոսքով՝ սպառնում է ժողովրդավարությանը:





































