Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել բարձրացնել աշխատավարձերը: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է արդար մրցակցություն ապահովելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Գերմանիայում հերթական խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Բենուա Ամոնը հանդիմանել է Բեռլինին անարդար առավելություն ստանալու ձգտման մեջ, որը նրա խոսքով՝ արվում է աշխատավարձերն արհեստականորեն ցածր մակարդակի վրա պահելով:
Ինչպես հայտնել է նախարարը BBC-ին տված հարցազրույցում, իրեն հոգնեցրել է աշխատանքային բարեփոխման կոչեր լսելը, երբ Եվրոպայում որոշ երկրներ շրջանցում են աշխատանքային օրենսդրությունը և ցածր վարձատրում աշխատողներին:
Գերմանիան մնում է Եվրոպայի սակավաթիվ այն երկրներից մեկը, որտեղ սահմանված չէ նվազագույն ամենժամյա աշխատավարձի չափ: Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները՝ սոցիալ-դեմոկրատներն ու կանաչները, խոստանում են Անգելա Մերկելի կոալիցիայի դեմ հաղթանակի դեպքում սահմանել աշխատավարձի նվազագույն սահման՝ 1 ժամը 11 դոլար:




































