Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ասեկոսեներ են այն պնդումները, թե հակասություն կա իր եւ վարչապետ Կարեն Կարապետյանի միջեւ: Տարօրինակ կլիներ անշուշտ, եթե Սարգսյանը հայտարարեր, որ իր եւ վարչապետի միջեւ կան տարաձայնություններ: Այդ դեպքում հարց կառաջանար, թե ինչ գործ ունի վարչապետն իր պաշտոնին, կամ իր պաշտոնում ինչ է անում Սերժ Սարգսյանը: Մյուս կողմից, դա պարզապես կքանդեր իշխող համակարգը, քանի որ բոլորը կսկսեին կողմնորոշվել, թե ի վերջո ում կողքին է պետք լինել, ով է հաղթելու: Իսկ խուճապային այդ վիճակում համակարգը կարող էր դառնալ անկառավարելի, քանի որ համակարգն իր կողմ գրավելու համար Սերժ Սարգսյանը պետք է բարձրաձցներ այսպես ասած խաղադրույքը, իսկ դրա հնարավորությունը նա չունի: Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանի համար շահավետ չէ ժամանակից շուտ շարքից հանել Կարեն Կարապետյանին եւ դատարկ թողնել տեղը, առաջացնել վակուում:
Այդ տեսանկյունից, Սարգսյանի հայտարարությունը վկայում է, որ նա որոշակի ֆալստարտի զգացում է ունեցել՝ խորհրդարանի ընտրությունից եւ այսպես ասած մանդատային մեծամասնության ձեւավորումից անմիջապես հետո անցնելով վարչապետի դեմ գրոհի: Ֆալստարտը կարող էր հանգեցնել նրան, որ Կարեն Կարապետյան խաղաքարտը վառվեր ժամանակից շուտ: Այդ դեպքում Սերժ Սարգսյանը պետք է մտածեր նոր վարչապետի մասին, որն անկասկած կրկին պետք է լիներ ժամանակավոր վարչապետ: Իսկ Կարեն Կարապետյանի օրինակից հետո Սերժ Սարգսյանին շատ դժվար է լինելու նոր ժամանակավոր վարչապետ գտնել, կամ այդ վարչապետի թեկնածուն էլ, որը գործնականում կլինի կամիկաձե, կպահանջեր շատ մեծ գին: Սերժ Սարգսյանի թույլ տեղը գինն է՝ աքիլեսյան գարշապարը: Նա գործնականում սնանկ նախագահ է, եւ այդ իսկ պատճառով շտապում է որոշակիորեն թողնել իր ոգեւորվածությունը թե՛ անաղմուկ ընտրությունից, թե՛ մանդատների բաշխման եւ դե յուրե ու դե ֆակտո մեծամասնությունների ձեւավորման սահուն գործընթացից:
Այդ ամենը Սերժ Սարգսյանի մոտ ըստ երեւույթին առաջացրել էր հաջողության գլխապտույտ եւ ամեն ինչ ստացվելու, այն էլ հեշտությամբ կամ համեմատական հեշտությամբ ստացվելու հանգամանքը հավանաբար նրա մոտ առաջացրել էր որոշակի էյֆորիա, ինչի պայմաններում էլ Սերժ Սարգսյանը ժամանակի ու տարածության զգացողությունը կորցնելով, գրոհեց նաեւ Կարեն Կարապետյանի դիրքերը: Մինչդեռ Կարապետյանն այդ դիրքում նրան անհրաժեշտ է առնվազն մինչեւ 2018 թվականի ապրիլ: Կարեն Կարապետյանն ըստ ամենայնի շտապեց օգտվել այդ իրավիճակից եւ գտնել առնվազն ժամանակավոր լուծում՝ հրաժարականի միջոցով: Նրա հրաժարականն ըստ երեւույթին սթափեցրեց Սերժ Սարգսյանին եւ վերադարձրեց իրականություն, որում էլ նա հայտարարեց, որ Կարապետյանը հրաժարականի պատճառ չունի, ինչը թարգմանաբար նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի կարող ներկայումս իրեն թույլ տալ Կարեն Կարապետյանից հրաժարվելու ճոխություն: Հնարավոր է թերեւս ասել, որ Կարեն Կարապետյանն առնվազն մինչեւ 2018 թվականն իրեն ապահովագրեց ներիշխանական հարաբերություններում թիրախավորվելու հեռանկարից: Սակայն այստեղ նաեւ կարող են առաջանալ «պարտիզանական» պայքարի բախվելու ռիսկեր, երբ Կարապետյանի դեմ դուրս չեն գա, սակայն կփորձեն նրան խփել թիկունքից:
Ավելին, բացառել պետք չէ, որ դիմահար հարվածներից հետո Սերժ Սարգսյանը նահանջում է Կարապետյանի զգոնությունը թուլացնելու եւ նրա թիկունքը հնարավորինս անպաշտպան դարձնելու համար: Մի բանում Սերժ Սարգսյանն իրավացի է. չկա իր եւ Կարեն Կարապետյանի հակադրություն: Կա ներիշխանական պայքար ռեսուրսների ու երաշխիքների համար: Իրավիճակը բերում է նրան, որ պայքարը դառնում է անխուսափելի: Սերժ Սարգսյանն էլ, Կարեն Կարապետյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանն ու նույնիսկ Հովիկ Աբրահամյանն էլ մեծ հաճույքով կնստեին մի սեղանի շուրջ, կվայելեին իրենց ընկերությունը, քավոր-սանիկությունը, խնամիությունը, չէին փորձի բամփել իրար, անգամ հրապարակավ, եթե նրանց այդ ամենը չպարտադրեր իրականությունը: Այն իրականությունը, որի հանդեպ նրանք անզոր են, որի դեմ չունեն խաղ: Դա է նրանց ստիպել խաղալ իրար դեմ, երդվել միմյանց առաջ, բայց երդմնազանց լինել թիկունքից: Աշնանը կառավարության փոփոխության արդյունքում պաշտոնանկ եղած նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը դեռեւս պաշտոնավարման ընթացքում մի առիթով հայտարարել էր լրագրողներին, թե բարձրաստիճան պաշտոնյաները վայելքի մեջ չեն, նրանք գիշերները քուն չունեն նույնիսկ: Քչերը կհավատան այդ հայտարարությանը, բայց իշխանությունն իսկապես ունի չքնելու պատճառ: Դա իհարկե պետության ծանր վիճակը չէ: Դա միմյանց հանդեպ մտադրությունների ծանր բեռն է, ու նաեւ գիտակցումը, որ իրենց խնդիրն այլեւս հասարակությունը չէ, այլ իրենք, իրենց պատկերն ու նմանությունը: Դա իսկապես կփախցնի քունը:








































