Շուրջ 2.5 ժամ խորհրդակցական սենյակում քննարկելով Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Եվա Դարբինյանի գլխավորությամբ մերժեց այն:
Այնուհետև դահլիճում ներկա գտնվողները բղավեցին՝ «ամոթ, սրիկանե՛ր, մարդասպանին մեր երկրում բաց են թողնում, Լիսկայի որդուն թողնում եք, Տիգրանին՝ ոչ», իսկ Տիգրան Առաքելյանը վանկարկեց՝ «պայքար, պայքար մինչև վերջ», որից հետո նրան հեռացրեցին դատարանի դահլիճից:
Վերաքննիչ դատարանի դատավորները հեռացան դատարանից՝ չասելով, թե երբ է կայանալու դատական հաջորդ նիստը:
Հավելենք, որ նախքան միջնորդությունը ներկայացնելը Առաքելյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը դիմելով դատարանին ասաց, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է և երկու տարուց ավել է անազատության մեջ է իշխանությունների հրահանգով: Դե իսկ մեղադրող դատախազ Հակոբ Մարտիորսյանը այդպես էլ մնաց իր հին դիրքորոշման՝ ոչ մի դեպքում ազատ չարձակել Տ. Առաքելյանին:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել 100-ից ավելի հասարակությանը հայտնի մարդիկ, այդ թվում՝ դերասաններ, թերթերի խմբագիրներ, արվեստագետներ, փաստաբաններ, ԱԺ ներկա և նախկին պատգամավորներ:










































