Քիմիական զենքի հարցով ՄԱԿ-ի փորձագետների առաքելության ղեկավար Օկե Սելստրոմը հայտարարել է, որ մոտակա ժամանակներս կվերադառնա Սիրիա՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
«Այո, մենք կվերադառնանք Սիրիա: Ծրագրերը դեռևս պատրաստ չեն, այդ պատճառով չեմ կարող ասել՝ երբ կգնանք, սակայն դա շուտ կլինի»,- ասել է Սելստրոմը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի փորձագետները Սիրիա էին ժամանել օգոստոսի 18-ին՝ Խան Ալ-Ասալում (Հալեպի մարզ), Շեյխ Մակսուդում (Հալեպի մարզ) և Սարաքեբում (Իդլիբի մարզ) քիմիական զենքի կիրառման մասին հայտարարությունները ստուգելու համար: Սակայն այն բանից հետո, երբ հայտնվեց հաղորդագրություն սեպտեմբերի 21-ին Դամասկոսի Ղուտա արվարձանում քիմիական զենքի կիրառման մասին, փորձագետներն ուղևորվեցին այնտեղ, այնուհետև հեռացան երկրից՝ զեկույց պատրաստելու համար:
Երկուշաբթի ՄԱԿ-ում ներկայացված փաստաթղթում հաստատվում է, որ Դամասկոսի մոտ կիրառվել են զարին թունավոր գազով մարտական լիցքեր: Նույն օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ փորձագետները շուտով կվերադառնան Սիրիա՝ այլ դեպքերի մասին հաղորդագրությունները ստուգելու համար:











































