2007թ. նոյեմբերի 21-ին Վրաստանի Մարաբդա բնակավայրում տեղի ունեցավ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության մեկնարկն ազդարարող տոնական արարողությունը Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ: Նախատեսվում էր, որ Վրաստանի Ախալքալաք կայարանից երկաթգիծը 98 կիլոմետր երկարությամբ կձգվի մինչև Կարսի երկաթուղային կայարան: Երկաթգծի 68 կիլոմետրը բաժին էր ընկնում Թուրքիայի, իսկ 30 կիլոմետրը՝ Վրաստանի տարածքին: Նախագիծը ոչ միայն այս երկրների բեռնափոխադրման համար նոր պայմաններ ու հնարավորություններ էր ընձեռելու, այլև լինելու էր մեկ այլ՝ ավելի ծավալուն ծրագրի՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա երկաթուղայինի բաղկացուցիչ մասը, այդպիսով Ադրբեջանի և Վրաստանի համար ճանապարհ բացելով դեպի Եվրոպա և սերտացնելով այս երկրների հարաբերությունները Եվրոպայի հետ:
Բնականաբար, նախագիծն ի սկզբանե արժանացավ և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի դժգոհությանը, քանի որ այն ընկալվեց որպես տարածաշրջանից Հայաստանին դուրս մղելու և մեկուսացնելու փորձ: Եղան նույնիսկ մեկնաբանություններ, որ երկաթուղին սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը: Սակայն երկաթուղու շինարարությունը, որը կողմերը նախատեսում էին ավարտին հասցնել 2014թ., դանդաղում է, իսկ Վրաստանի նախագահ և նախագծի հեղինակ Սաակաշվիլիի որակմամբ՝ կասեցվում շուրջ երկու տարով: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դեռևս հուլիս ամսին հայտարարել էր, որ շինարարության տեմպերը կարագանան, բայց հնարավոր է՝ գա մի պահ, որ շինարարության ինտենսիվ շարունակությունը օգտակար չլինի Վրաստանի համար, որին ի պատասխան Սաակաշվիլին հայտարարել էր, որ շինարարության կասեցումը և այդ նախագծից հրաժարվելը Վրաստանին կհեռացնի Եվրոպայից և կկապի Ռուսաստանին ստրկատիրական հարաբերություններով:
Ինչպես պարզ է դառնում, փաստորեն իսկապես եկել է պահը, երբ շինարարության ինտենսիվ շարունակությունը ձեռնտու չէ ներկայիս իշխող ռեժիմին, թեև շինարարության մեկնարկից սկսած քիչ չեն եղել նաև ֆինանսական և տեխնիկական խնդիրները:
«Ինչո՞ւ են վրաց իշխանությունները հապաղում և ավարտին չեն հասցնում երկաթգծի շինարարությունը» հարցն «Առաջին լրատվական»-ը քննարկեց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեի հետ:
Քաղաքագետը նշեց, որ ներիշխանական հակասությունները Մադրիդի արքունիքի գաղտնիքների նման են. մահկանացուների համար դրանք հասանելի չեն: Ըստ նրա՝ երկաթգծի շինարարության կասեցման պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ ֆինանսական խնդիրներ են առաջացել և այլ տեխնիկական հարցեր: «Կարելի է ենթադրել, որ կա քաղաքական մոտիվացիա, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ պատճառներին, դրանք հայտնի են միայն մի քանի մարդու»,- նկատեց վրացի քաղաքագետը՝ շարունակելով, որ հաճախ այնպես է ստացվում, որ քաղաքական դրդապատճառները ծածկում են տնտեսական շահերը: Նա հիշեց, որ այդ նախագիծը Սաակաշվիլիի կառավարման տարիներին ասոցացվում էր դարի նախագծի հետ, այնպես որ Թբիլիսիում կարելի էր երկաթգիծ նստել և արթնանալ Փարիզում, Հռոմում, Լոնդոնում և այլ որևէ տեղ: Բայց, նրա խոսքով, պարզվում է, որ առաջին հերթին դժվար ռեալիզացվող նախագիծ է դա նաև տեխնիկական իմաստով և բավականին թանկ:
«Ուստի կարծում եմ, որ այս ծրագրի իրագործողները պարզապես որոշակի թայմ աութ վերցրին, իսկ մեզ մնում է սպասել հետևանքներին, երբ կավարտվի այդ թայմ աութը, կամ ընդհանրապես կհրաժարվե՞ն այդ ծրագրից, թե՞ ոչ: Բայց դա ևս շատ հեշտ չէ, քան որ օգտագործվել են բավականին մեծ գումարներ: Չի բացառվում, որ այս ընթացքում նաև մոդել մշակվի այս նախագծում ՀՀ մասնակցության մասին, որովհետև որքան հասկանում ենք՝ Հայաստանում ոգևորված չեն դրանից, քանի որ այն շրջանցում է հայերին: Այս ժամանակահատվածը գուցե վերցվել է նրա համար, որպեսզի սկսվեն կոնֆիդենցիալ բանակցություններ Թբիլիսիի, Բաքվի և Երևանի միջև, որպեսզի միացնեն Հայաստանին որևէ տարբերակով: Այդ նախագիծը հանրության համար այնքան էլ թափանցիկ չի եղել, ուստի ես չէի ցանկանա սուրճի մրուրի վրա գուշակություններ անել»,- նման տեսակետ հայտնեց Սոսո Ցինցաձեն:
Վրացի քաղաքագետը չբացառեց, որ սա ինչ-որ կերպ կապված է նաև ներկայումս ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման փորձերի հետ: Նրա որակմամբ՝ սա գուցե մեսիջ է Ռուսաստանին, որոշակի ռեվերանս է, և գուցե այդ հարցը հետագայում որոշվի այլ մակարդակով հայկական կողմի մասնակցությամբ, դրանով իսկ՝ նաև ռուսական կողմի մասնակցությամբ, որպեսզի նախագիծը չդառնա կռվախնձոր տարածաշրջանում: Վրացի քաղաքագետի դիտարկումներով՝ Վրաստանը զգուշանում է այնպիսի նախաձեռնություններից՝ լինի երկաթուղու կառուցում թե էներգետիկ նախագիծ, որոնք սուր դժգոհություններ կառաջացնեն Հարավային Կովկասի երկրների, ինչպես նաև Ռուսաստանի մոտ:
«Քանի որ ամեն դեպքում քաղաքական կայունությունը ամեն ինչից վեր է, առանց դրա ոչ մի նախաձեռնություն ցանկալի արդյունքի չի հասնի»,- այսպես ավարտեց իր խոսքը քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:









































