Ինչպես այսօր հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, վրացական բլոգոսֆերան այս օրերին ակտիվորեն քննարկում է հանրահայտ երգչուհի Բիյոնսեի վերջին տեսահոլովակը, որը YouTube-ում է հայտնվել մայիսի 18-ից, կոչվում է Run the World (Girls):
Տեսահոլովակի նկատմամբ այսքան մեծ ուշադրության պատճառը ո՛չ երգչուհու նկատելիորեն փոխված ոճն է, ո՛չ հայտնի մոդելավորողների զգեստների առատությունը տեսահոլովակում, ո՛չ էլ պարային ակրոբատիկ հնարքները: Պատճառը տեսահոլովակի 1 րոպե 55-րդ վայրկյանում երևացող ճանապարհային ծռմռված ցուցանակն է, որի վրա պարզ երևում են «Թբիլիսի», «Գորի» և «Ցխինվալ» գրառումները անգլերենով և վրացերենով, իսկ ցուցանակի վրայի սլաքները ցույց են տալիս դեպի այդ բնակավայրեր տանող ուղղությունները:
2008 թվականին վրաց-ռուսական հակամարտության ընթացքում Ցխինվալը ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմն էր, Գորիում ռուսական զորքերն էին տեղակայվել: Տեսահոլովակում Բիյոնսեն ցուցանակի ֆոնին շղթայակապ պահում է երկու բորենիների:
The Young Georgians բլոգում քննարկման մասնակիցները եզրակացնում են, որ, այնուամենայնիվ, նկարահանումների վայրը Վրաստանը չէ: Պատահակա՞ն է արդյոք, որ տեսահոլովակում օգտագործված է հատկապես դեպի Թբիլիսի, Գորի և Ցխինվալ ուղղությունները ցույց տվող ցուցանակը՝ այս առնչությամբ տարբեր կարծիքներ են հնչում:
Ոմանք եզրակացնում են, որ տեսահոլովակի ռեժիսորին պարզապես դուր են եկել էկզոտիկ վրացական տառերն ու ծռմռված ցուցանակը, որը սազում է աղետի գոտի հիշեցնող տարածքին:
Սակայն այլ վերլուծություններում նշվում է, որ Թբիլիսին մատնանշող ցուցանակը բնավ պատահական չէ: Հոդվածի հեղինակը` ամերիկացի Նաիլա Հարիսը, գրող, լուսանկարիչ, որը ճամփորդել է Աֆրիկայում և Եվրասիայում, կարծիք է հայտնում, որ Բիյոնսեի վերջին տեսահոլովակը ակնհայտորեն ոգեշնչված է արաբական հեղափոխություններից: Տեսահոլովակը աֆրիկյան բնապատկերի ֆոնին է նկարահանված, և չնայած Բիոնսեն երգում է կին-տղամարդ հակամարտության մասին, տեսահոլովակում երևում են և՛ ջրցան մեքենաներ, և՛ ցուցարներին ցրող ոստիկաններ ու այրվող մեքենաներ:
Մեքենաներից մեկի վրա կարմիր տառերով գրված է revolution՝ հեղափոխություն, տեսահոլովակում պատկերված «բախումները» տեղի են ունենում կամրջի տակ: Կամուրջը որպես Բիոնսեի տեսահոլովակի վայր ընտրելը ևս հոդվածագիրը պատահական չի համարում՝ Կահիրեում ցույցերի ու բախումների թատերաբեմը Թահրիր հրապարակի մոտ գտնվող կամրջի մերձակայքն է եղել: Հոլովակում երևացող դրոշներում, Բիոնսեի հագուստի մեջ գերակայում են սևը, կարմիրն ու ոսկեգույնը՝ Եգիպտոսի դրոշի գույները:
Իսկ ի՞նչ կապ ունի արաբական հեղափոխություններին հղում անող տեսահոլովակի հետ Թբիլիսիի ցուցանակը. հոդվածագիրը եզրակացնում է, որ այստեղ ակնհայտ են զուգահեռները այժմյան եգիպտական դեպքերի և 2003 թվականի «վարդերի հեղափոխության» միջև՝ այն առումով, որ երկուսն էլ խաղաղ հեղափոխություններ էին:








































