Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման մասին համաձայնագիրը կարելի կլինի պարբերաբար վերանայել կողմերի համաձայնությամբ: Դրա համար կստեղծվի ասոցացման խորհուրդ. RIA Novosti-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Ուկրաինայի կառավարությունն այսօր հավանություն է տվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախագծին, որը նախատեսում է ազատ առևտրի գոտու ստեղծում:
«Ասոցացման մասին համաձայնագիրը դոգմա չէ, նախատեսված է դրա պարբերաբար վերանայման հնարավորություն: Դա իրավահավասար միջազգային երկխոսություն է»,- ասել է Ազարովը կառավարության նիստում: «Համաձայնագրի կատարման վերահսկման և դրա վերանայման համար կստեղծվի ասոցացման խորհուրդ»,- հավելել է նա:
Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրումից հետո քաղաքական երկխոսություն կանցկացվի գագաթնաժողովների մակարդակով, որոնցում Ուկրաինան կներկայացնի երկրի նախագահը, իսկ ԵՄ-ն՝ ԵՄ խորհրդի նախագահը:
Ուկրաինան նախատեսում է Վիլնյուսում Արևելյան գործընկերության նոյեմբերյան գագաթնաժողովին ստորագրել համաձայնագիրը:










































