Microsoft կորպորացիայի տնօրենների խորհուրդը հայտարարել է 22 տոկոսով եռամսյակային շահաբաժինների մեծացման (մեկ բաժնետոմսի դիմաց 0.23 դոլարից կհասցվի 0.28 դոլարի) և 40 միլիարդ դոլարով բաժնետոմսերի հետգնման նոր ծրագրի մեկնարկի մասին, հայտնում է Business Insider պարբերականը:
Հետգնման նոր ծրագիրը կլինի անժամկետ և կգա փոխարինելու հետգնման նախորդ ծրագրին, որը նույնպես 40 մլրդ դոլար է ներառել և կավարտվի սեպտեմբերին: Կորպորացիան սկսել է եռամսակային շահաբաժինները կանոնավոր վճարել 2004-ին, վերջին անգամ դրանց չափը 3 ցենտով մեծացել է մեկ տարի առաջ:
Ընկերության ֆինանսական տնօրեն Էմի Հուդի խոսքով՝ այն բաժնետերերի ռեեստրը, ովքեր կարող են հավակնել շահաբաժիններին, կփակվի նոյեմբերի 21-ին:
Ամերիկյան բորսային ցուցիչները երեքշաբթի բարձրացել են շահաբաժինների մեծացման մասին Microsoft-ի հայտարարության ֆոնին: NASDAQ բորսայում մեկ բաժնետոմսի արժեքը բարձրացել է 0.63 տոկոսով՝ հասնելով 33.075 դոլարի: FactSet-ի տվյալներով՝ ներկայումս Microsoft-ի ընդհանուր կապիտալիզացիան մոտ 273 մլրդ դոլար է:
Այսօր Microsoft-ի ղեկավարությունը կհանդիպի ֆինանսական վերլուծաբանների հետ, որտեղ կքննարկվեն բոլոր առանցքային թեմաները՝ ընկերության ֆինանսական ապագան, ծրագրվող մասշտաբային վերակազմավորումը, գլխավոր տնօրենի պաշտոնից Բալմերի հեռանալը, ինչպես նաև Nokia-ի ձեռքբերումը:









































