«Վանաձոր-Քիմպրոմի» բակում հավաքված մի խումբ աշխատակիցներից Ջրի գոլորշու արտադրամասի պետ Սուրեն Գալստյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ տնօրենը մայրաքաղաք է մեկնել հավանաբար իրենց հուզող հարցի պատասխանը ճշտելու` երբ վերջապես կվերագործարկվի «Քիմպրոմը»: Չնայած աշխատողները հենց այսօր էին ակնկալում նրա պատասխանը, բայց գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովն իսկապես աշխատավայրում չէր, աշխատակիցներին էլ դեռ որևէ պատասխան չի տրվել: Սուրեն Գալստյանի խոսքով` իրենց հիմնական պահանջը ոչ թե ուշացվող աշխատավարձերի վերաբերյալ է, այլ գործարանի վերագործարկման:
«Հարցը պարտքը չէ, հարցն այն է, որ գործարանը աշխատի: Եթե գործարանը աշխատեց, ամեն ինչ կկարգավորվի: Եթե պարտքեր ունի՝ հոսանքի, բանի, երևի օգնություն է պետք պետական մակարդակով այս գործարանին, որ ոտի կանգնի, եթե ոտի կանգնի, լավ կլինի: Թափով աշխատում էինք, լավ հույսեր կային, լավ էլ աշխատանք ենք կատարել, բայց պարտքերի պատճառով 3-րդ ամիսն է, որ սպասողական վիճակում ենք: Բոլոր արտադրամասերն էլ վերանորոգվում էին, թափով ձգտում էինք, որ աշխատի գործարանը: Հասանք նրան, որ փորձնականորեն համոզվեցինք, որ դեռ հնարավոր է գործարանը աշխատեցնել: Փորձնական ամենահիմնական արտադրանքը կարբամիդն է, որ ստացանք, դա սիլիտրայի համեմատ շատ մեծ առավելություններ ունի թե՛ էկոլոգիայի, թե՛ տնտեսական առումով, 4-5 անգամ ավելի արդյունավետ է ու Հայաստանի գյուղատնտեսությանն էլ անհրաժեշտ է: Փորձնական ստացանք: 6-7 ամիսը, որ փորձանքներով, չարչարանքով թողարկեցինք, ապացուցեց, որ գործարանը այսօրվա վիճակով դեռ կարող է աշխատել, արտադրանք տալ, բայց չվերաթողարկվեց, որ տեսնենք` ինչի ենք հասել:
Այս թողարկումը որ այսսքան ձգձգվում է, չի նշանակում, որ գործ չէր արվում, պարզապես վերջնական արդյունքը դեռ չի երևում: Եթե աշխատի, հունի մեջ կընկնի, բայց եթե կանգնեց… ես էլ չեմ պատկերացնում: Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ կառավարական մակարդակով ինչ-որ աջակցություն լինի, որովհետև քիչ մարդիկ չեն աշխատում այստեղ, ու եթե չաշխատեցին, պատկերացրեք թե ինչքան մարդ պիտի գործազուրկ, նպաստի հույսին մնա:
Եթե կառավարությունը նպաստի փոխարեն գործարանին օգնի, տեսեք քանի ընտանիք, չեմ ասում՝ ճոխ, բայց գոնե ստաբիլ հաց կուտեն: Ով չի ուզում գործարանը աշխատի` ազատվել-գնացել է, իսկ ով մնացել է, ուրեմն ուզում է, չէ՞, որ գործարանն աշխատի. այն մարդիկ են, որ գործարանին կյանք են տվել: 40-50 տարով աշխատող մարդ կա, կյանք են դրել գործարանի վրա: Հեշտ չի այսօր գործարանն աշխատեցնել, քանի տարի կանգնած գործարանը ֆիզիկապես էլ արդեն նույնը չի, երկաթն էլ է փտում, կադրերն են արանքից պակասում տարբեր ձևերով: Հետո՝ սա ո՛չ մի փոքր հացի փուռ է, ո՛չ պաղպաղակի արտադրամաս: Բայց ով այստեղ գալիս է, մտնում է գործարանի տարածք, հույսով է գալիս, որ գործարանը վերաթողարկվելու է»,- ասում է «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցը:










































