Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ-ի՝ «ամենից ոչ ամերիկացի» նախագահը։
«Թրամփը դավաճանում է ամեն բան, ինչ ԱՄՆ-ը վեհացրել է՝ հանդուրժողականությունը, ժողովրդավարական ինստիտուտները, անձի նկատմամբ հարգանքը։ Այդ առումով Թրամփն ամենից ոչ ամերիկացի նախագահն է, ինչպիսիք չեն եղել արդեն տևական ժամանակ»,-ասել է Շուլցը Spiegel շաբաթաթերթի հետ հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ Թրամփի քաղաքականության կենտրոնում «տաբուների թիրախավորված խախտումն է», ինչը կապում է նրան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
«Սակայն չի կարելի մոռանալ՝ Թրամփն Ամերիկան չէ»,-ընդգծել է Շուլցը։
Մեկանաբանելով կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշումը՝ Շուլցը նշել է, որ այդպիսով ամերիկացի առաջնորդը ցանկանում է նվազեցնել արտադրական ծախսերն ու բնապահպանական չափորոշիչներն ամերիկյան արտադրանքների համար։
«Դա շատ պարզ, սակայն անհեռատես հաշվարկ է։ Այն չի աշխատի, քանի որ Թրամփը բաց է թողել ամերիկյան արդյունաբերությունն արդիականացնելու այդքան մեծ հնարավորությունը»,-հավելել է Շուլցը։









































