ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է ներկայացվել Սիրիայի հարցով բանաձևի նախագիծ: Փաստաթղթի տեքստը տարածել են խորհրդի մշտական 5 անդամների հանդիպմանը: Հնգյակի կազմում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը: Նախագծի քննարկումը կսկսվի առաջիկա օրերին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նախկինում հայտարարել էր, որ բանաձևը պետք է երաշխավորի քիմիական զենքի ոչնչացում՝ համապատասխան պայմանավորվածությունների: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնագրով՝ Սիրիան մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացնի իր քիմիական զինանոցի զենքերի ողջ ցուցակը: Դրանից հետո թունավոր նյութերը պետք է դուրս բերվեն երկրից ու ոչնչացվեն:
Բանաձևից կոշտ միջոցառումներ է ակնկալում ԱՄՆ-ը՝ փոխանցում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին, փաստաթուղթը պետք է նախատեսի լուրջ պատիժ Սիրիայի իշխանությունների համար, եթե չկատարեն իրենց պարտավորությունները:








































