«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, «Հայկական ավիաուղիներ» ընկերության նախկին տնօրեն Շահեն Պետրոսյանը:
– Պարոն Պետրոսյան, Ձեր տպավորությամբ «Էյր Արմենիա» ընկերությունն ինչո՞ւ մինչև հիմա չի կարողանում թռիչք իրականացնել: Նախնական տվյալներով` այն պետք է արդեն թռիչք իրականացրած լիներ: Միջոցների՞ խնդիր կա:
– Իրենց ներկայացմամբ միջոցներ ունեն, վարկեր են վերցրել և այլն: Բայց ինձ թվում է, որ այստեղ վստահության հարց կա, Հայաստանին չեն վստահում և օդանավ չեն տալիս: Օդանավը թանկ ապրանք է: Հնարավոր է մի հնամաշ օդանավ բերեն, որ ես ինքս կվախենամ նստել:
– Հայաստանին ինչո՞ւ չեն վստահում:
– «Արմավիայի» պատճառով է Հայաստանի վարկանիշն ընկել: Երկրում ավիաընկերություն է սնանկանում, ոչ ոք միջոցներ չի ձեռնարկում:
– «Արմավիայի» սնանկացման մասին հայտարարությունից հետո ավելի քան կես տարի է անցել, սակայն Հայաստանի ավիափոխադրման շուկայում դեռևս որևէ հայկական ընկերություն թռիչք չի իրականացնում: Կառավարությունը հայտարարեց, թե ազատականացնում է այդ ոլորտը, բայց այն դեռ չի կարողանում ձևավորվել: Այս պարագայում ճիշտ չէ՞ր լինի, որ կառավարությունն ինքը նախաձեռնող լիներ:
– Այո, կառավարությունն ինքը պետք է նախաձեռնող լիներ, պիտի ստեղծեր ավիաընկերություն, որը սկզբում կլիներ պետական, իսկ հետագայում երբ կայանար, նոր մասնաբաժինները վաճառեր: Ես կարծում եմ, որ այդպես արագ ու արդյունավետ կլիներ: Իսկ հիմա մենք ավիափոխադրումները նորից տալիս ենք մասնավորին, որը հայտնի չէ շուկայում: Ավիացիոն շուկան բավականին կոնսերվատիվ է, եթե մուտք գործած ընկերությանը չեն ճանաչում, դժվարությամբ է ընդունում: Իսկ «Էյր Արմենիան» ի՞նչ է արել, մի հատ AN-12 ուներ և դրանով ընդամենը բեռներ է փոխադրել: Այսինքն` ուղևորափոխադրումների փորձ չունեն ու նոր-նոր պետք է ուղևորափոխադրող օդանավ ձեռք բերեն: Տարիներ կտևի` մինչև այդ ընկերության անունը հայտնի դառնա: Դժվար թե նոր ստեղծվող ընկերությունը լիակատար վստահություն վայելի, հատկապես, որ տարբեր հայտնի ընկերություններ են դեպի Հայաստան թռիչքներ իրականացնում: Իսկ կառավարությունը ձեռքերը լվանում է, ամեն ինչ տալիս է մասնավորին, որ գլխացավանք չունենա, մինչդեռ դա այն ոլորտն է, որ պետք է ամբողջությամբ հսկողության տակ վերցներ: Հատկապես, որ «Արմավիայի» ահավոր դեպքն ունենք:
– «Արմավիան» վատ համբա՞վ թողեց հայկական ավիաշուկայի համար:
– Նա պարտքերից ու վատ վարկանիշից բացի, ուրիշ որևէ ժառանգություն չի թողել: Ընդհանրապես, ավիացիոն ոլորտի վերաբերյալ հիմա Հայաստանն ունի ամենավատ վարկանիշը: Այլ երկրներում նույնպես ավիաընկերություններ են սնանկանում, բայց նրանք մի քանի կամ շատ ավելի ընկերություններ ունեն, և նման դեպքերում մյուսներն իրենց վրա են վերցնում ուղևորափոխադրումների բեռը և օտար ընկերությունների հույսին չեն մնում: Դրա համար էլ ոչ թե մեկ, այլ մի քանի ավիաընկերություն է պետք ունենալ: Իսկ «Արմավիան» ունենալով մոնոպոլիստի կարգավիճակ՝ սնանկացավ: Այն ժամանակ կար նաև «Արմենիան ինթերնեյշնլ էյրվեյս» ընկերությունը, որը ստեղծել էին Վերսանդ Հակոբյանն ու Գագիկ Ծառուկյանը: Արգելափակեցին այդ ընկերությունը, թողեցին միայն «Արմավիան»: Մինչդեռ 1990-ական թվականներին 3 ավիաընկերություն կար: Եվ հիմա ՀՀ կառավարությունը չպետք է թողնի, որ միայն ինչ-որ անփորձ մասնավոր ընկերություններ մտնեն շուկա: Պետք է շատ արագ նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը, որպեսզի «Արմավիայի» օդաչուներն իրենց ընտանիքը պահելու համար չգնան այլ երկրներում տաքսու վարորդ աշխատեն կամ տարբեր պատահարների ենթարկվեն: Ամեն մի օդաչու պատրաստելը մոտ 100.000 դոլար արժի: Մենք նրանց «Հայկական ավիաուղիների» ժամանակներից պատրաստել ենք, հիմա այդ գումարը մսխվեց:
– Հիմա այնպիսի իրավիճակ է, որ օտարերկրյա ընկերություններն ամբողջովին վերցրել են Հայաստանի ավիաշուկան: Նոր ստեղծվող ու անփորձ ընկերության համար բավականին դժվար կլինի մրցակցել նրանց հետ:
– Իհարկե, շատ դժվար կլինի: Մի քանի տարի առաջ, երբ նոր էին սկսվել «Արմավիայի» պարտքերն ու խնդիրները, կառավարությունը նախ պետք «Արմավիայից» վերցներ լիցենզիան և այնտեղ կառավարիչ նշանակեր: Մենաշնորհային վիճակ և եկամուտներ ունեցող ընկերությունն ինչպե՞ս կարող է պարտքեր ունենալ: Երբ ես նշանակվեցի, «Հայկական ավիաուղիները» 2 մլն դոլար պարտք ուներ: Ոչ միայն այդ պարտքը զրոյացրեցինք, այլև 1996թ. 10 մլն դոլար զուտ շահույթ ունեինք: Դրանից հետո ուղևորափոխադրումները շատացել են, և պետք է որ ավելի շատ եկամուտ ունենային: Պետք է աուդիտ անցկացվեր, և պարտքերի պատճառները պարզվեր: Ինչպե՞ս սնանկացավ: Կարող է սխալ մենեջմենթ են իրականացրել կամ պարզապես գումարները մսխել են: Միգուցե քրեորեն հետապնդելի արարքներ են թույլ տվել, գողացել են: Մենք գիտենք, որ ինքը կազինոներում էր խաղում այդ գումարները:
– Միխայիլ Բաղդասարո՞վը:
– Այո: Համացանցում հրապարակումներ են եղել: Կամ՝ Բրյանսկի օդանավակայանում ներդրումներ էր կատարում, ինչ է թե` նահանգապետն է դա խնդրել:
– Իսկ հայկական նոր ընկերություններն ի՞նչ պետք է անեն, որ կարողանան օտարերկրյա ընկերություններից շուկան ետ վերցնեն:
– Նախ միջպետական պայմանագիր գոյություն ունի, որի համաձայն շուկան պետք է բաժանել: Ավիափոխադրումների շուկան պարիտետային հիմունքներով է բաժանվում: Եվ եթե մեկը միակողմանի՝ 100 տոկոսով է օգտագործում մի ուղղությունը, ուրեմն պետք է ռոյալթի վճարի:
– Ինչպե՞ս է, որ օտարերկրյա ավիափոխադրողը դեպի Հայաստան կատարվող չվերթի տոմսի համար «Արմավիայի» նման ավելի բարձր գին է սահմանում, քան, ասենք, դեպի մեկ այլ երկրի թռիչքի դեպքում, նույնիսկ եթե ճանապարհն ավելի երկար է:
– Տոմսի արժեքը ձևավորվում է վառելիքից, օդանավակայանի սպասարկման վարձից, ավիասնունդից և այլն: Եվ եթե այս բաղադրիչների գինն իրենց հերթին բարձր են, դրանք թանկացնում են տոմսը:
– Շատ են հնչում մեկնաբանություններ, թե «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման սակագները համեմատելի են միջազգային շուկայում գոյություն ունեցող սակագների հետ:
– Եթե համեմատում ենք միջազգային օդանավակայանի հետ, այդ դեպքում սարքեք նման օդանավակայան և նման սպասարկում մատուցեք: «Զվարթնոցում» մինչև հիմա բեռնակիրներ կան, որոնք ամեն մարդուց 10 եվրո են ուզում ճամպրուկը սայլակով տեղափոխելու համար: Ամբողջ աշխարհում այդպիսի բան կա՞: Այդ ծառայությունն անվճար է, սայլակները թափած են բոլոր օդանավակայաններում: Ասում են` աշխատատեղ ենք ստեղծել: Մութ ու ցուրտ տարիներին ամեն չվերթից հետո Փարիզի օդանավակայանից մի քանի սայլակ էինք գողանում՝ բերում այստեղ, որ ուղևորները կարողանան անվճար օգտվել դրանցից: Այն ժամանակ շատ դժվար էր նման բաներ ներկրել:
Ավիացիան մեր տնտեսության դրոշակակիրն էր: Դա որ քանդվեց, բա մնացած ոլորտներն ինչ վիճակում են: Այս իշխանությունները 15-20 տարի ոչինչ չեն արել այս երկրում, միայն վայելել են: Իսկ իրենց փոխարեն որոշումներ ընդունում է Պուտինը ու դրանք պարտադրում է: Եվ հիմա չի բացառվում, որ ռուսական «Աերոֆլոտը» կամ մեկ այլ ընկերություն գա ու Էռնեկյանի ձեռքից խլի օդանավակայանը: Բայց եթե մենք կրկին հայտնվենք պատերազմական վիճակում, ու որևէ օտարերկրյա ընկերություն չցանկանա այստեղ թռիչք իրականացնել, այդ դեպքում ի՞նչ ենք անելու:








































