Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում այսօր անցկացվեց տնօրենների հավաստագրման հերթական քննությունը, որին հետևեց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Քննությանը մասնակցեցին 93 գործող և հավակնող տնօրեններ՝ 95-ի փոխարեն:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով, հավաստագրման քննությունների մեկնարկի ժամանակ հոռետեսներն ավելի շատ էին, որոնք չէին հավատում քննությունների անցկացման օբյեկտիվությանը, ինչպես նաև՝ դրա արդյունավետությանը: «Սակայն այսօր ամեն ինչ փոխվել է, և քննությունները մեզ համար սովորական են դարձել»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ ինքն այսօր վստահաբար կարող է նշել, որ չկա որևէ կողմնակալ վերաբերմունք, և նա երաշխավորում է քննությունների օբյեկտիվությունը:
Ա. Աշոտյանը ցավ հայտնեց, որ տնօրեններն աշակերտներից ոչ պակաս հնարամիտ են, և վերջին քննությունների ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել են ծածկագրեր: «Այդ իսկ պատճառով այսուհետ քննություններին կհետևեն նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ և այլ դիտորդներ»,- շեշտեց ՀՀ ԿԳ նախարարը:
Նա նաև այն կարծիքը հայտնեց, որ տնօրենի լավ անունից է կախված դպրոցի համբավը: «Իսկ լավ անուն ասելով՝ ես հասկանում եմ գիտելիքներով, կարողություններով և հմտություններով հարուստ մարդ»,- նկատեց նախարարը:
Նշենք, որ ընդհանուր առմամբ, քննությունների երկրորդ փուլին նախատեսվում է, որ կմասնակցեն 1066 վերապատրաստված մասնակիցներ: Առաջին փուլին վերապատրաստվել են 450 տնօրեններ, քննությանը մասնակցել 360-ը, իսկ արդյունքում հավաստագիր ստացել 267-ը: Քննության անցկացման համար տրվում է 90 րոպե: Հարցաշարը բաղկացած է 60 հարցից, և անցողիկ շեմը համարվում է պատասխանների 90 տոկոսի ճիշտ լինելը:








































