ԱՄՆ-ի ու Կուբայի իշխանությունների ներկայացուցիչները Հավանայում անցկացրել են բանակցություններ՝ վերականգնելու երկու երկրների միջև փոստային ուղիղ հաղորդակցությունը, որն ընդհատվել էր կես դար առաջ՝ 1963 թվականին: Այս մասին ասվում է Կուբայի ԱԳՆ հայտարարության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Ներկայում նամակները, որոնք Կուբայից ուղարկվում են ԱՄՆ կամ ԱՄՆ-ից՝ Կուբա, հասցեատերերին են հասնում երրորդ երկրների միջոցով:
Հավանայում անցկացված հանդիպումը Վաշինգտոնում կայացած հունիսյան հանդիպման շարունակությունն է, որի ժամանակ փոստային հաղորդակցության հարցերից բացի՝ կողմերը քննարկել են նաև միգրացիոն հարցեր:
Հավանայի գնահատականով՝ բանակցություններն անցկացվել են հարգալից մթնոլորտում, որը թույլ կտա առաջ շարժվել մի շարք թեմաներով, այդ թվում՝ փոստային առաքումների անվտանգության հետ կապված:
Կուբայի պատվիրակությունն ամերիկացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել այն հարցի վրա, որ կանոնավոր ուղիղ փոստային առաքումներն անհնար են ԱՄՆ կառավարության կողմից հայտարարված արգելափակման քաղաքականության պատճառով:










































