Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներին հաջորդող օրերը կառավարության կողմից Մեռելոց հայտարարելը հասարակությանը կրոնական մտածողություն պարտադրելու վառ օրինակ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հրապարակախոս, մշակութաբան Վարդան Ջալոյանը:
«Այն մարդկանց համար, ովքեր հարազատներ են կորցրել, սրանք շատ կարևոր օրեր են: Բայց որքա՞ն կարելի է այդ մարդկանց անձնականը տարածել ողջ հասարակության վրա: Ամենավատն այն է, որ մեռելոցները կարծես պարտադրվում են:
Փետրվարի 2-ին իմ ծննդյան օրն է, բայց ես հո չե՞մ ստիպում, որ ամբողջ Հայաստանը նշի այն: Այսինքն՝ կան բաներ, որոնք անձնական են, և կան բաներ, որոնք հասարակական բնույթ ունեն: Սա անձնական ընտրության հարց է»,- ասաց նա:
Վարդան Ջալոյանի խոսքով՝ ավանդական կրոնները անդրշիրիմյան կյանքի մասին են: «Սակայն մարդը բարոյական պետք է լինի՝ ելնելով կյանքի իրողություններից, ոչ թե անդրշիրիմյան կյանքից վախենալով: Հայաստանի վարչապետը, ըստ երևույթին, մտածում է, որ հասարակությանը կարելի է վախեցնել անդրշիրիմյան կյանքով»,- ամփոփեց մշակութաբանը:










































