Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը հանդես են եկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «կոշտ» բանաձևի օգտին, որն անպայմանորեն պետք է ներառի պահանջների կատարման հստակ ժամկետներ: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հայտարարությանը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը տեղի է ունեցել այսօր Փարիզում:
Շաբաթ օրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվածություն էին ձեռք բերել սիրիական հարցով. նրանք կողմ էին արտահայտվել հակամարտության քաղաքական կարգավորմանը, ռազմական չմիջամտությանը և մինչ 2014-ի կեսեր Սիրիայից քիմիական զենքի դուրսբերմանը կամ դրա ոչնչացմանը: Պայմանավորվածությունների հիման վրա կմշակվի ԱԽ բանաձև՝ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխով, որը նխատեսում է ուժի կիրառում պահանջների չկատարման դեպքում:
Կիրակի երեկոյան Օլանդը TF1 հեռուստաալիքի հետ զրույցում ասել էր, որ Սիրիայի հարցով բանաձևի օրինագիծը կարող է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկությանը դրվել արդեն այս շաբաթվա վերջին:









































