Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը (ՀԳՌԿՄ) Հայաստանում մեկնարկել է 2011 թվականին: Ծրագիրը զբաղվում է նաև գյուղական համայնքներում անասնապահության զարգացմամբ: Համայնքներում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գյուղերում անասնապահության համար ռեսուրսները լիովին չեն օգտագործվում, և այդ ռեսուրսները չօգտագործելը, մեղմ ասած, անթույլատրելի է:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության պետական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գլխավոր տնօրեն Գագիկ Խաչատրյանն ասաց, որ ծրագրի շրջանակներում որոշել է ստեղծել կոոպերատիվներ՝ անասնապահության համար առավել նպաստավոր համայնքները զարգացնելու համար: Ընտրվել են 55 համայնքներ՝ 6 մարզից: Ընդհանուր թվով այս համայնքներն ընդգրկում են 145 հազար հա արոտավայր, որոնց 50 տոկոսը չի օգտագործվում, իսկ գյուղամերձ արոտները գերարածեցման պատճառով շարքից դուրս են եկել:
Հեռագնա արոտներն օգտագործելու համար ծրագրի շրջանակներում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Այդ արոտավայրերի հիմնական խնդիրը կապված է խմելու ջրի և ճանապարհների ոչ բարեկարգ վիճակի հետ: Անասունը խոտ ուտելուց հետո օրական երեք անգամ ջուր է խմում, իսկ մեկ անասունի համար 50-70 լիտր ջուր է պետք. ‹Անասնապահության ոլորտում կա նաև անասնակերի կուտակման խնդիր: Երբ անասնակերի պակաս կա, լուրջ գլխաքանակի անկում է նկատվում: Դրա համար ծրագիրը գյուղացիական տեխնիկա է տրամադրում խոտը հավաքելու համար›:
Խոսելով այլ խնդիրներից՝ պարոն Խաչատրյանն ասաց, որ լուրջ խնդիր է անասնաբուժությունը, չի իրականացվում արհեստական սերմնավորում, որը տոհմի բարելավման հիմնական միջոցն է:
Նա նշեց, որ ծրագրի արդյունքում ակնկալվում է ավելացնել կաթնատվությունն ու մսատվությունը: Կենդանուն լավ պայմաններում պահելու դեպքում կաթնատվությունն ավելանում է մոտ հիսուն տոկոսով: «Հեշտ չի եղել դա ստեղծել, որովհետև մեր ժողովուրդը քսան տարի հետ է գնացել միասնական աշխատանքից, սակայն ծրագիրն արդեն տվել է իր արդյունքը»:
Ինչ վերաբերում է ապրանքի մթերմանը, ապա բանախոսն ասաց, որ նպատակ կա ստեղծել կաթ արտադրողների միություն կամ հենց տեղում վերամշակման արտադրամաս հիմնել, որի կառուցման գումարների հիսուն տոկոսը գյուղացիները կներդնեն, հիսուն տոկոսը՝ պետությունը:








































