Ճապոնիայում «Ման-Ի» թայֆունի հետևանքով առաջացած ուժգին քամին և հորդառատ անձրևները հասել են նաև «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ, սակայն զգալի վնաս չեն պատճառել՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Tokie electric power էներգետիկ կորպորացիայի կայանի օպերատորը հաղորդել է, որ ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է, սակայն դրա հոսքը զսպում են ԱԷԿի պատնեշները: Այնուամենայնիվ, սպառնալիք կա, որ ջուրը կարող է ճեղքել պատնեշը, և օպերատոր ընկերության աշխատակազմը որոշում է կայացրել անձրևաջուրը թափել օվկիանոս: Նշվում է, որ դրանցում ռադիոակտիվ նյութերի պարունակությունը մեկ լիտրում կազմում է 2-8 բեկերել: Ճապոնիայում ծով թափվող ջրի ռադիոակտիվության առավելագույն նորման սահմանված է 30 բեկերելի մակարդակում:
Ոստիկանության տվյալներով՝ ճապոնական Հոնսյու կղզու կենտրոնական և հարավարևմտյան մասերում շուրջ 70 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:





































