Իրանի նախագահ Հասան Ռուհանին ավելորդ լավատեսություն է ցուցաբերում երկրի միջուկային խնդրի արագ լուծման հարցում: Այս մասին Trend գործակալության հետ զրույցում ասել է միջուկային հարցերով փորձագետ Ռզա Տագիզադեն՝ մեկնաբանելով Ռուհանիի վերջին հայտարարությունը, որում նա հույս էր հայտնել, որ միջուկային խնդիրը մոտ ժամանակներս կլուծվի:
«Չեմ կարծում, որ Իրանի միջուկային խնդիրը կլուծվի կարճաժամկետ հեռանկարում»,- ասել է փորձագետը:
Նրա խոսքով՝ միջուկային բանակցությունները իրանական ծրագրի շուրջ շարունակվում են արդեն մոտ 25 տարի, սակայն դեռևս ոչ մի արդյունք չեն տվել:
Նրա խոսքով՝ միակ բանը, որ Իրանը կարող է անել կարճաժամկետ հեռանկարում, Արևմուտքի երկրների հետ փոխադարձ վստահություն ստեղծելու փորձերն են:
Իրանն ու ԱԷՄԳ-ն ծրագրում են բանակցությունների հերթական ռաունդն անցկացնել սեպտեմբերի 27-ին՝ Վիեննայում:









































