Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման հրապարակումից հետո հետո նկատվում է Սերժ Սարգսյանի հանդեպ Արևմուտքի վերաբերմունքի շոշափելի փոփոխություն: Ավելի ճիշտ կլինի ասել, որ այդ վերաբերմունքը ոչ թե փոխվում է, այլ պարզապես համալրվում է կոշտ գործիքներով:
Դրանցից ամենաէականն ու հիմնականը թերևս ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արտահայտած մտահոգություններն են: Հարցազրույցի ամենաուշագրավ հատվածը վերաբերում է վստահությանը: Ֆյուլեն մասնավորապես ասում է «Եվրամիության և Հայաստանի հարաբերություններում էական դեր է խաղում փոխվստահության գործոնը: Ես ասացի այդ մասին [նախագահին], և ասացի, որ եթե հավատ և վստահություն լինի, այդ հենքի վրա շատ բանի կարելի է հասնել: Բայց հիմա հավատ և վստահություն չկա, չկա ստեղծագործականություն և գրեթե չկա ընդառաջ գնալու ցանկություն»:
Միգուցե այս ամենը չունենա որևէ իրավական հետևանք, բայց խնդիրն ակնարկի քաղաքական բովանդակությունն է, որն, անշուշտ, միանգամայն հասկանալի դիվանագիտական լեզվով փոխանցում են Սերժ Սարգսյանին:
Փաստորեն, Սերժ Սարգսյանին չեն հավատում, չեն հավատում: Հետաքրքիր է՝ Արևմուտքը նո՞ր է սկսել չհավատալ Սերժ Սարգսյանին, թե՞ նրան չէին հավատում նաև նախագահի ընտրությունից առաջ: Ըստ երևույթին նոր, որովհետև նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանի հանդեպ կասկածի նշույլներ Արևմուտքը կարծես թե չէր արտահայտում:
Սերժ Սարգսյանը միգուցե մտածում էր, որ հնարավոր կլինի Արևմուտքին մի քիչ էլ խոստումներով կապած պահել, բայց կարծես թե նրա հաշվարկները չեն արդարանում: Մյուս հարցն էլ այն է, թե արդյոք ինչքա՞ն կոշտ ու վճռական կարող է լինել Արևմուտքը տվյալ դեպքում:
Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանի հանդեպ այդպիսի վերաբերմունք շարունակելու հեռանկարը ենթադրում է Սարգսյանի ավելի շատ դիրքերի զիջումը Մոսկվային: Ահա այս համատեքստում էլ հետաքրքրական է, թե արդյոք Արևմուտքը մինչև ինչ աստիճանի կոշտության կարող է դիմել Հայաստանի հանդեպ: Մեղմ ասած` կասկածելի է, որ բանը հասնի մինչև անգամ «սանկցիաների» կիրառմանը, որովհետև Հայաստանի իշխանությունն ավելի շատ կգնա և նոր զիջումներ կանի Մոսկվային, քան կբացվի Արևմուտքի առաջ: Այնտեղ դա լավ են հասկանում, և հենց դա է պատճառը, որ այս տարիների ընթացքում Հայաստանի հանդեպ գործնական կոշտացման քայլերի հարցում առնվազն վերջին պահին մնում են ձեռնպահ: Բայց Արևմուտքը նաև հասկանում է, որ այդպես Հայաստանի իշխանությունը մանևրում է իրենց հետ, զբաղվում լարախաղացությամբ, շահարկում այդ հանգամանքը: Երևի թե կասկած չկա, որ այդ իրավիճակը փոխելու նկատառումով, Արևմուտքը ինչ-որ առումով, այնուամենայնիվ, կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ, բայց, իհարկե, ոչ հարաբերությունների սառեցման կամ խզման աստիճան: Պարզապես Արևմուտքն էլ, ինչպես Ռուսաստանը, Հայաստանի հետ կսկսի, թերևս, աշխատել «կանխիկ»՝ չի լինի ոչ մի ավանս և ցանկացած օժանդակության դիմաց Արևմուտքը Հայաստանի իշխանությունից, թերևս, կպահանջի իր ներկայությունը համակարգային առումով ամրապնդող որևէ երաշխիքային գործողություն: Եթե Հայաստանի իշխանությունը չանի դա, ապա թերևս ստիպված կլինի զգալ սոցիալական ապստամբության շնչի ներկայությունը երկրում, իսկ այդ դեպքում արդեն Ռուսաստանը կամ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը հազիվ թե կարողանան օգնել Հայաստանին: Առավել ևս, որ դրանք Հայաստանին երբեք էլ չեն օգնի: Դրանք Ռուսաստանին օգնելու համար են:








































