Մինչ ԱՄՆ նախագահի վարչակազմում շարունակում են պնդել, որ քիմիական զենքի կիրառմամբ վերջերս տեղի ունեցած հարձակումներն իրականացրել են Բաշար Ասադի զորքերը, այդ տեսակետը քիչ հավանական է: WND անկախ էլեկտրոնային պարբերականի ձեռքում են հայտնվել զինվորական փաստաթղթեր, որոնցից պարզվում է, որ այս տարի ավելի վաղ զարին գազ է առգրավվել «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման անդամներից:
Գաղտնի փաստաթուղթը խմբագրությունն ստացել է ԱՄՆ Ազգային հետախուզական հասարակությունից: Համաձայն տեղեկությունների՝ զարին գազն «Ալ-Քաիդան» մատակարարել է Իրաքից: Թուրքիայի ճանապարհին այն առգրավվել է: Հետախուզական փաստաթղթում ասվում է, որ հենց «Ալ-Քաիդայի» անդամներն են արտադրել այն լաբորատորիաներում, այնուհետև ուղարկել Թուրքիա:
2013-ի մայիսին Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտնաբերել էին երկլիտրանոց բալոն, որում, ենթադրաբար, թունավոր գազ է եղել: Քիմիական զենքը գտնվել էր «Ալ-Քաիդայի» և «Ալ-Նուսրայի ճակատի» հետ կապված սիրիացի գրոհայինների տանն անցկացված խուզարկության ժամանակ: Արմատական իսլամիստներին ձերբակալել էին Թուրքիայի հարավային Ադանա և Մերսին նահանգներում: Ձերբակալվել էր 12 անդամ:
Ամերիկյան հետախուզական հասարակության տվյալներով՝ վկայությունները տանում են նրան, որ Հալեպում զարինը կիրառել են գրոհայինները: Կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքում նրանց արձակած, չկառավարվող «Բաշաիր 3» արկը եղել է ոչ արդյունաբերական արտադրության և պարունակել զարին՝ պարզել է հետազոտությունը:











































