Եգիպտական իշխանությունները այսօր ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Սուեզի ջրանցքի գոտում: Ինչպես հաղորդում է արբանյակային «Ալ-Հայաթ» հեռուստաալիքը՝ երկնքում անընդհատ հերթապահում են ռազմաօդային ուժերի ուղղաթիռները: Եգիպտական երրորդ դաշտային բանակային գնդի հրամանատար Ուսամա Ասքարը ստուգայցեր է կատարում ռազմական ստորաբաժանումներում, որոնք տեղակայված են ջրանցքի գոտում: Նրա խոսքերով՝ ռազմական հրամանատարության կողմից ձեռնարկվել են անվտանգության ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Միաժամանակ Սինայի թերակղզում 10 օր է՝ շարունակվում է մասշտաբային հակաահաբեկչական օպերացիան: «Ալ-Ահրամ» թերթը տեղեկացնում է, որ եգիպտացի զինծառայողներին հաջողվել է վերացնել հանցավոր խմբավորումների զրահատեխնիկայի 75%-ը: Ձերբակալվել են զինված ծայրահեղականների ղեկավարների մեծ մասը, ովքեր ապստամբում են կառավարության դեմ:






































