2017 թվականի ապրիլի արդյունքներով՝ համաշխարհային ավտոշուկան կրճատվել է 1.4 տոկոսով՝ կազմելով 7 մլն 372 հազար թեթև մարդատար և կոմերցիոն մեքենա։ Նշվում է, որ վաճառքի բացասական դինամիկան գրանցվում է 2015 թվականի օգոստոսից ի վեր առաջին անգամ։
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների համաշխարհային ավտոշուկայում իրացվել է 31 106 000 մեքենա, ինչը 3.7 տոկոսով ավելի է 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Աշխարհում տրանսպորտային միջոցների վաճառքի առաջատար է մնում Չինաստանը, որտեղ անցած ամիս իրացվել է 2 041 000 մեքենա (-3,3%)։ Մեծությամբ երկրորդ շուկան հանդիսանում է ԱՄՆ-ը՝ 1 424 000 մեքենայով (-5,4%)։ Արևմտաեվրոպական շուկայում վաճառքն ընկել է 6.9 %-ով՝ հասնելով 1 277 000 միավորի։ Արևելյան Եվրոպայի երկրներում դիտվում է մեքենաների իրացման ծավալի 3% աճ (340 600 միավոր)։