Եթե շուտով Ռուսաստանը պատերազմ հայտարարի ինտերնետին, երևի թե պետք չէ զարմանալ: Ռուսները, ըստ էության, շատ վախեցած են, այլապես բոլոր ճակատներով չէին գրոհի սոցիալական ցանցերի դեմ: Տարինեի առաջ նրանք այդ բանը նախաձեռնեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, իսկ ավելի ուշ փորձում են նույնն անել մի քիչ ավելի լայն` ԱՊՀ շրջանակում: Նրանց վերջին հավաքներից մեկի ժամանակ քննարկվել է սոցիալական ցանցերի հանդեպ պետական վերահսկողություն սահմանելու հարցը, և ԱՊՀ երկրների դատախազները, այդ թվում և մեր նախկին տխրահռչակ գլխավոր դատախազը հավանություն են տվել այդ գաղափարին՝ համարելով, որ սոցցանցերով վտանգավոր գաղափարներ կարող են տարածվել:
Թերևս, կասկած չկա, որ այդ նախաձեռնությունը եկել է Կրեմլից, որովհետև ԱՊՀ շրջանակում որևէ այլ տեղից նախաձեռնություն չի գալիս կամ չի ստանում միանձնյա հավանություն, եթե դա չկա Կրեմլից: Անկասկած է նաև, որ Կրեմլին վախեցրել են գունավոր և արաբական հեղափոխությունները, որոնցում սոցցանցերի դերը զգալի էր հանրային կազմակերպական բաղադրիչին նպաստելու առումով: Բայց այստեղ միայն հեղափոխություններից վախը չէ, որ տագնապ է առաջացրել ռուսների և նրանց օրինակով առաջնորդվող ԱՊՀ պետությունների ղեկավարների մեջ: Սոցցանցերը Կրեմլին անհանգստացնում են ոչ թե որպես հեղափոխության կամ վատ գաղափարների, այլ նոր մտածողության տարածողներ: Դա է, որ ամենից ավելի անհանգստացնում է ռուսներին: Նրանք շատ լավ են պատկերացնում, որ ԱՊՀ երկրներում ֆեյսբուքյան հեղափոխություններ չեն լինի:
Նաև երևի թե շատ լավ են հասկանում, որ արաբական երկրներում էլ հեղափոխությունները Ֆեյսբուքը կամ Թվիտերը չէ, որ արեցին: Դրանք ընդամենը արագացրին նոր մտածողության, նոր պատկերացումների, նոր արժեքների հոսքը արաբական երկրներ: Նույնը տեղի է ունենում նաև Հայաստանում և ԱՊՀ մյուս երկրներում: Իսկ թե դա ինչի կհանգեցնի՝ որոշակի չէ. մի տեղ դա կբերի հեղափոխական գործողությունների՝ ինչպես արաբական երկրներում, իսկ մեկ այլ տեղ, ասենք՝ Հայաստանում, դա կարող էր հանգեցնել պարզապես քաղաքացիական ակտիվության գեներացիայի, որը չգնալով հեղափոխության՝ իրականում հեղափոխական փոփոխություններ կարող էր պարտադրել իշխանությանը, եթե չլիներ սեպտեմբերի 3-ի չարաբաստիկ որոշումը:
Ամեն ինչ մտածողության վրա է հիմնված, ու սոցիալական ցանցերը մտածողության, հասարակական մտածողության փոփոխության կարևոր գրավական են դարձել, որտեղ անգամ ռաբիս մտածողության ու մշակույթի կրողներն են արդեն մտնում, և թեև բերում են սոցցանց իրենց ռաբիսը, բայց, այդուհանդերձ, նաև սկսում են կրել նոր տեխնոլոգիաների շունչը՝ իրենք էլ չհասկանալով, թե ինչ է սկսում կատարվել իրենց մտածողության հետ, և ինչն է իրենց մեջ ներքին պայքար առաջացնում եղածի ու հնարավորի միջև:
Ռուսաստանին և նրա հովանավորությամբ թագավորող հետխորհրդային ռեժիմներին ոչ թե հեղափոխությունը, այլ մտածողությունն է անհանգստացնում, որ արագորեն կարող է փոխվել՝ սոցիալական ցանցերի արդիականացմանը զուգահեռ: Ու նրանց պրոբլեմն էլ հենց մտածողությունն է, որովհետև հակառակ պարագայում գլխավոր դատախազները կմտածեն հանցագործությունների, իրենց երկրներում մինչև ուղնուծուծը կոռումպացված պաշտոնյաների դեմ պայքարելու արդյունավետության մասին, ոչ թե կտապակվեն սոցցանցերի դարդով: Օրինակ՝ այդ առումով ինչքան գործ ունի անելու Աղվան Հովսեփյանը, որը, սակայն, կամ հոգեխանգարված ընդդիմադիրներ է որոնում, կամ սոցցանցերի դեմ դոնկիխոտյան պայքարին է հավանություն տալիս: ԱՊՀ գլխավոր դատախազները մտածում են 21-րդ դարում շփումով կրակ ստանալու մասին՝ մոռանալով տեխնոլոգիական առաջընթացի մասին, որին, ի դեպ, մարդկությունը, կամ ավելի ճիշտ՝ զարգացած երկրները մարդկությանը հասցրել են նախ և առաջ հենց այն պատճառով, որ, հողմաղացների դեմ կռիվ գնալու փոխարեն, ամեն մեկը զբաղվել է իր կոնկրետ գործով:










































