Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը կարծում է, որ գեներալ Ռատկո Մլադիչին հանձնելուց հետո, ինչպես նաև հաշվի առնելով այն բարեփոխությունները, որ իրականացվում են Բելգրադի կողմից, Եվրամիության հետ հարաբերություններում և այդ կազմակերպությանը Սերբիայի անդամակցության գործընթացում որակական փոփոխություններ պետք է լինեն: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Տադիչը նաև ասել է, որ այս փաստերը ցույց են տալիս իր երկրի ղեկավարության՝ Եվրամիությանն անդամակցելու լուրջ մտադրությունների մասին, և կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել այս կարևոր քայլն ու իրենց հերթին քայլ անել Սերբիային ընդառաջ: «Ես ուղղակի խնդրում եմ ԵՄ-ին կատարել իր խոստումը»,- ասել է Սերբիայի նախագահը: «Մենք կատարել ենք մեր խոստումները և շարունակելու ենք գործել նման ոճով նաև ապագայում»,- ավելացրել է Տադիչը:
Տադիչը նաև անդրադարձել է այն հարցին, թե Սերբիայի իշխանություններն իմացել են՝ որտեղ է թաքնվում Ռատկո Մլադիչը. «Դա հիմարություն է: Մենք ձերբակալել ենք Մլադիչին անմիջապես, երբ իմացել ենք նրա թաքնվելու վայրը»,- հավաստիացրել է Սերբիայի նախագահը:
Հիշեցնենք, որ բոսնիական պատերազմի սերբական «հերոս», Միջազգային քրեական դատարանի կողմից մարդկության դեմ գործած հանցանքներում մեղադրվող գեներալ Ռատկո Մլադիչը ձերբակալվել է մայիսի 27-ին: Այժմ Սերբիայի դատարանը սպասում է Մլադիչի փաստաբանների բողոքարկմանը, որից հետո վերջնական որոշում կկայացվի՝ արդյո՞ք պետք է Մլադիչին հանձնել Հաագային, թե՞ ոչ:






































