«Եթե Սերժ Սարգսյանը զորակոչի հրաման է տալիս, ապա դրան զուգահեռ պետք է պատկերացնի և պատասխանի հարցին, թե զորակոչված զինվորները ուր են գնում, ինչի համար են գնում, մինչդեռ ապրիլի 20-ից մինչև մայիսի 14-ը Հայոց բանակում զոհվել է 11 զինվոր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մեկնարկած ամառային զորակոչին:
Նշենք, որ Սերժ Սարգսյանը ամառային զորակոչի հրամանագիր է ստորագրել, որում մասնավորապես ասված է, որ այս տարվա մայիս-հունիս ամիսներին անցկացվելու է արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Իրավապաշտպանի խոսքերով՝ բանակում տեղի ունեցած սպանությունների հիմնական մեղավորն ու պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ այն համակարգը, որն առկա է, ստեղծել է հենց Սերժ Սարգսյանը: «Այն համակարգը, որն առկա է, այն դատախազական, քննչական համակարգը, ռազմական ոստիկանությունը, որ գործում է հիմա, հենց նա է ստեղծել: Համակարգը, որը կոչված է կանխել սպանությունները, կատարում է իր վրա դրված պարտականությունների հակառակ գործառույթը: Ամբողջությամբ կոռումպացված է և ամբողջությամբ քայքայում է բանակը: Ունենք զորամասեր, որտեղ կանոնակարգի՝ «ուստավ» կոչվածի տեղը գործում են հանցավոր, գողական, սուտի գողական օրենքները, իսկ դրանցից շեղվողները հայտնվում են ռազմական ոստիկանությունում, որտեղ դաժան ծեծի պայմաններում զինվորներից ստիպողաբար ցուցմունքներ են կորզում: Սա է այսօր մեր բանակը»,- ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ զինվորների մեջ չեն գործում կանոնադրային հարաբերություններ, որը գալիս է չգրված օրենքներից, որոնք սահմանել են սպաները: Իրավապաշտպանի խոսքերով՝ առկա վիճակը փոխելու համար անհրաժաշտ է սկսել ռազմական ոստիկանությունից, որի մասին ինքն արդեն նամակով տեղեկացրել է Պաշտպանության նախարարին: «Բանակի խեղաթյուրումը սկսում է ռազմական ոստիկանությունից, որտեղ առկա են մեկուսարաններ, որտեղ, ինչպես արդեն ասացի՝ զինվորներին ծեծում, ջարդում են անձնական կամ խմբակային շահերից ելնելով, նրանցից ծանր հանցագործությունների գործով ցուցմունքներ են կորզվում, որի արդյունքում իրական հանցագործությունները, հանցագործությունները ծնող պատճառները իրականում կոծկվում են, ինչի արդյունքում բանակն էլ ավելի է ապականվում, էլ ավելի մեծ լարվածություն է ստեղծվում զորամասերում, զինվորների մեջ, ինչն էլ հղի է նոր հանցագործություններով ու ինքնասպանության նոր դեպքերով»,- նկատեց իրավապաշտպանը:
Մեր զրուցակցի խոսքերով՝ զորակոչի ժամանակ շարունակում է մտահոգիչ մնալ առողջական խնդիրներով զինծառայողների զորակոչումը, որը դեռևս խոսում է այն մասին, որ բանակում կոռուպցիան իր գագաթնակետի վրա է: Մտահոգիչ է մնում նաև այն փաստը, որ առաջնագծում միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են հայտնվում, չկա հավասարություն: «Սրանք են այն մտահոգիչ խնդիրները, որոնք տարիներ շարունակ ծառացել են մեր բանակի առաջ, բայց այդ զորակոչ հայտարարողը՝ Սաշիկի եղբայրը մատը մատին չի տալիս, որ վիճակը փոխի, թեև քաջատեղյակ է բանակում առկա խայտառակ վիճակի մասին»,-եզրափակեց իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:








































