Բահրեյնի խոշորագույն շիական կուսակցության ղեկավար շեյխ Ալի Սալմանը հայտարարել է, որ պաշտպանում է գործող իշխանությանը և հերքել է, որ Իրանի շահերից բխող գործունեություն է վարում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք ասում ենք, որ ցանկանում ենք ունենալ սահմանադրական միապետություն, այլ ոչ թե հանրապետություն: Մենք ժողովրդավարական համակարգի քայլ առ քայլ անցման կողմնակիցն ենք, այնպես որ՝ մենք գործող ընտանիքի դեմ չենք»,- ասել է Սալմանը:
«Մենք ունենք ազգային պահանջներ, որոնք ոչ մի կապ չունեն Իրանի հետ: Մենք հպարտ ենք գիտակից, հասուն և առաջադիմական այս քաղաքական շարժմամբ, որը կարիք չունի Իրանից կամ այլ երկրից ցուցումներ ստանալու»,- ասել է նա:
Ընդդիմության առաջնորդի այս հայտարարությունը նորություն է Բահրեյնի վերջին շրջանի զարգացումների համատեքստում, քանի որ շիական բոլոր կազմակերպությունները կանգնած էին հակամիապետական շարժման հիմքում, որը պահանջում էր Բահրեյնում գահընկեց անել թագավորին և շիա մեծամասնության համար ապահովել քաղաքական ազատություններ:
Միայն այն բանից հետո, երբ երկիր մտցվեցին Սաուդյան Արաբիայի զորամիավորումները, Ալ Խալիֆա ընտանիքին հաջողվեց վերականգնել վերահսկողությունը երկրում և ճնշել ընդդիմությանը: Սալմանի հայտարարություններից սակայն չի հասկացվում, թե ինչ փոխզիջումների է գնացել թագավորական ընտանիքը՝ ընդդիմությունից նման հայտարարություններ ստանալու համար: Պարզ չէ նաև, թե երկխոսության առաջարկն ում կողմից է եղել:










































